տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսից օրական 200 մարդ է մահանում. ՄԱԿ

Էբոլա վիրուսից օրական 200 մարդ է մահանում. ՄԱԿ

78
0

3854398

Էբոլա վիրուսի պատճառով առաջացող տենդի հետևանքով օրական մահանում է ավելի քան 200 մարդ: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ մասնակցելով համաճարակի դեմ պայքարի հարցով Նյու Յորքում հրավիրված լսումներին: Նման տեղեկություն է հաղորդում BBC-ին:

«Էբոլայի համաճարակը մոլեգնում է: Դրանից օրական մահանում է ավելի քան 200 մարդ, որի 2/3-ը՝ կանայք: Չնայած տեղական համայքների հերոսական ջանքերին՝ առողջապահության համակարգը չի կարող դիմադրել նման լարվածության», — նշել է միջազգային կազմակերպության ղեկավարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հաղորդման համաձայն՝ ներկայումս գրանցվել է վիրուսով հիվանդացության 6 263 դեպք: Նրանց գրեթե կեսն արդեն մահացել է (2917 մարդ): 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդը հնարավոր կլինի կլինիկական հսկողության տակ վերցնել միայն 6-9 ամիս հետո:

Միանգամից մի քանի գիտահետազոտական կենտրոններում աշխատանք է տարվում հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղման ուղղությամբ: Գիտնականներն ակնկալում են, որ այն հնարավոր կլինի մասսայաբար կիրառել արդեն այս տարվա վերջին: