Ամերիկյան eBay ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին խանութը վիրտուալ իրականությունում: Նախագիծը ստեղծվել է մանրածախ վաճառքով զբաղվող ավստրալական Myer ընկերության հետ:
eBay Virtual Reality Department Store հավելվածը, որը թույլ է տալիս վիրտուալ խանութում հայտնվել VR ակնոցի օգնությամբ, մատչելի է Android եւ iOS օպերացիոն համակարգերով սարքերի համար: Այն գնորդների համար, որոնք հատուկ սարքեր չունեն, Myer-ը եւ eBay-ը 20 հազար անվճար Google Cardboard են նախապատրաստել:
Հատուկ վիրտուալ շոփինգի համար մշակվել է նաեւ eBay Sight Search տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հայացքով կառավարել գործողությունները: Որոշակի իր ընտրելու համար անհրաժեշտ է սեւեռուն նայել մի քանի վայրկյանի ընթացքում, հայտնում է Lenta-ն:
Մշակողները խոստանում են, որ ալգորիթմը հետագայում կսովորի գնորդներին ապրանքներ առաջարկել` կողմնորոշվելով նրանց նախորդ գնումներով:
Առայժմ հնարավոր է 3D ձեւաչափում ընդամենը 100 ամենաժողովրդականություն վայելող ապրանքներ դիտել: Եվս 12,5 հազար իր մատչելի է միայն 2D-ում: