Այսօր հրապարակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Ռուսաստանն ու ես» խորագրին: Նշենք, որ հարցազրույցի առանձին հատվածներ հրապարակվել էին ավելի վաղ: Ըստ որում, հետաքրքրական է, որ 2015 թվականի սեպտեմբերին, երբ եղավ հարցազրույցը, հայտարարվեց, որ այն ամբողջությամբ կհրապարակվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն հրապարակվում է այսօր:
Ինչո՞ւ հիմա որոշվեց հրապարակել հարցազրույցն ամբողջությամբ, եւ արդյոք Քոչարյանն իր նվիրվածությո՞ւնն է հայտնում ՌԴ-ին՝ այդ կերպ մեսիջ ուղղելով գործող իշխանություններին, թե նա շարունակում է վայելել ռուսական կողմի լիարժեք հովանավորչությունը:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Araratnewnews.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, որոնց վերաբերյալ էլ իր տեսակետն այս կերպ պետք է արտահայտեր երկրորդ նախագահը: Արդյոք քաղաքականություն վերադառնալու ազդակ է տալիս Քոչարյանը՝ Շիրինյանը պատասխանեց. «Ոչ միայն ազդակ էր, այլ նաեւ տեսակետ, բայց այդ մարդը մի քիչ անհասկանալի է: Մի բան ասում է, քաշվում է կողքի: Դժվար է ասել, նա լուրջ բա՞ն է անելու, թե էլի մի հատ կխոսի, կողքի կանգնի՝ ինչն արել է այս տարիների ընթացքում: Գալիս է-չի գալիս, մտնում է-չի մտնում գործընթացների մեջ»,- ասաց Շիրինյանը: Նա կարծում է, որ Քոչարյանն այս պահին պարզապես փորձել է տեսակետ հայտնել, ավելին չպետք է սպասել այդ հարցազրույցից:
«Ես ռուսական կրթություն ունեմ, դաստիարակությունս որոշակիորեն հայկական ավանդույթների ու ռուսական մշակույթի, արվեստի, գրականության խառնուրդն է: Այդ պատճառով ինձ համար Ռուսաստանն ավելին է, քան ուղղակի պետությունը, հարևանը, երկիրը, որի հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք: Ռուսաստանն առաջին հերթին ասոցացվում է հենց այդ՝ ռուսական մշակույթի, արվեստի, գրականության առումով: Ռուսաստանն ինձ դուր է գալիս»,- պատասխանելով ռադիոկայանի լրագրող Աննա Սոուսի՝ «Ինչպիսի՞ն է Ձեր Ռուսաստանը» հարցին պատասխանել էր Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով հարցազրույցի այս հատվածին քաղաքագետը նկատեց, թե օտարին երդում տալն իմաստ չունի: