տուն Արցախ Դժբախտաբար զոհ ունենք եւ գուցե հաճախակի նման բան լինի. Դավիթ Բաբայան

Դժբախտաբար զոհ ունենք եւ գուցե հաճախակի նման բան լինի. Դավիթ Բաբայան

112
0

david

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:

Ըստ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ:

«Հիմա մենք  միայն պետք է համեմատենք, ոչ  թե բացարձակ տվյալներով խոսենք, իհարկե, բացարձակ տվյալներն էլ  պետք է հաշվի առնել, գրանցել, բայց եթե համեմատենք ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածի հետ՝ անհամեմատելի է, հիմա շատ ավելի հանգիստ է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնեց նաեւ, որ այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության  հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը քիչ հավանական է համարում, որ հակառակորդը կվերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողությունները:

«Իհարկե, մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք, բայց հաշվի առնելով չորսօրյա պատերազմն ու նրանց կրած կորուստները, ինչպես նաեւ միջազգային հանրության հստակ ուղերձները, որ անթույլատրելի է պատերազմի վերսկսումը, հավանականությունը քիչ է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով. «Դժբախտաբար զոհ ունենք, դա ողբերգություն է եւ գուցե հաճախակի նման բան լինի, բայց դա չպետք է մեզ ահաբեկի. եթե մեր տղաները չպահպանեն մեր հայրենիքը, ապա ցեղասպանություն է լինելու»:

Շողիկ Գալստյան