Այս պահին «Չեք անցկացնի» նախաձեռնությունը Ազատության հրապարակից շարժվում է դեպի Բաղրամյան: Մինչև Բաղրամյան շարժվելը նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մտադիր են ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց անել՝ ուղղված Սահմանդրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկելուն:
Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ այսօրվա հավաքն արտոնված է: Ինչ վերաբերում է նախաձեռնության հետագա անելիքներին, ապա նրանք նշեցին, որ թեև իրենք վստահ ենˋ պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկելու նախագծին, բայց իրենք մտադիր են բողոքի ակցիա անցկացնել և քվերակությունից հետո հրապարկել իրենց հետագա անելիքների ծրագիրը:
Ազատության հրապարակից դուրս գալիս ոստիկանները տեղեկացրին ակտիվիստներին, որ նրանք կարող են շարունակել երթն առանց փողոցը փակելու, մինչդեռ նախաձեռնության անդամներից մեկը նշեց, որ իրենք ունեն թույլտվություն քաղաքապետարանից և կարող են անցկացնել իրենց խաղաղ երթը: Մինչդեռ ոստիկանները նշեցին, որ քաղաքապետարանը թույլատրել է անցկացնել ցույց առանց երթևեկության կանոնները խոչընդոտելու: Ոստիկանությունը կոչ է անում երթը մայթերով անցկացնել, իսկ ակտիվիստները ցանկանում են փողոցով քայլել:
«Խնդրում եմ լավ կարդացեք օրենքը: Դուք բացի իրավունքներից պարտականություններ էլ ունեք: Մենք չենք ուզում խոչընդոտել ձեր երթին, բայց երթևեկությանը մի խոչընդոտեք»,-հայտարարեց ոստիկաններից մեկը:
Իսկ ակտիվիստն էլ հակադարձեցˋ կոչ անելով ոստիկանությանը իրենց վրա չվերցնել երթի խոչընդոտման ամբողջ պատասխանատվությունը: «Քաղաքապետարանին ուղղված մեր դիմումի մեջ մենք հստակ նշել ենք, թե որ փողոցներով պետք է անցկացնենք երթը, ինչը Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել: Հիմա խնդրում եմ արհեստական խոչընդոտներ մի ստեղծեք ու պատճառ մի դարձեք մեր երթի ուշացմանը»:
Բանավեճին միջամտեց Օսիպյանը, ասելով, որ ինքը մի գիծ է պատրաստ տրամադրել ակտիվիստներին, որով նրանք կքայլեն դեպի Բաղրամյան, իսկ մնացած երկուսը երթևեկության համար կպահվեն:
Այս պահին ակտիվիստներն արդեն ԱԺ ժողովի դիմաց են: