տուն Լուրեր Ձեզ հանձնարարում է «բամփել», իսկ ինքը պարգևատրում է. Փաշինյան

Ձեզ հանձնարարում է «բամփել», իսկ ինքը պարգևատրում է. Փաշինյան

205
0

gagik

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյան- Սերժ Սարգսյան առճակատմանը, հարց ուղղեց վարչապետին, ասելով.

«2015թ. փետրվարի 2-ին Սերժ Սարգսյանն ունեցավ իր հայտնի ելույթը, որտեղ ակնարկներ արեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին: Վարչապետին հանձնարարվեց թափանցիկ ստուգումներ կատարել, և դրանից հետո էր, որ վարչապետը ունեցավ «բամփելու» մասին հայտնի ելույթը: 2015 թվականի մայիսի 20-ին ես հարց ուղղեցի Հովիկ Աբրահամյանին, թե ինչ տեղի ունեցավ այդ ստուգումների կապակցությամբ, նա պատասխանեց, որ ֆինանսների նախարարը խոստացել է մինչև մայիսի վերջ տեղեկանք ներկայացնել ստուգումների արդյունքների մասին: Հունիսի 10-ին ես Հովիկ Աբրահամյանին նորից նույն հարցն եմ տալիս, նա պատասխանում է, որ մի քանի օր կձգձգվի: Հիմա այդ մի քանի օրվանից հետո շուրջ 4 ամիս է անցել»:

Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ ստուգումների համար նախատեսված բոլոր ժամկետները սպառվել են.

«Եվ, ուրեմն, հիմա ժամանակն է արձանագրել, թե Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում այդ ամենը, թե զրպարտում էր Ձեր սիրելի խնամիին: Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պարզապես ուզում էր սեպ խրել Ձեր ու Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանի միջև: Որովհետև Ձեզ հանձնարարում է «բամփել», իսկ ինքը վերջերս Ծառուկյանին պարգևատրում է «Հայերինիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով: Ստացվում է, որ միլիարդավոր դոլարի հարկեր չվճարած մարդկանց Հայաստանում մեդալո՞վ են պարգևատրում: Թե՞ այսպիսով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանից իր արտահայտությունների համար: Եվ, ի վերջո, այս ամենի համար մեկը պե՞տք է հանրությանը պատասխան տա, թե՞ շարունակելու եք այսպես ապրել»,- հարցրեց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Երանի ես պատասխանելու լինեի»:

Փաշինյանի հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն` ասելով, որ հարցը գրավոր ուղղված է եղել կառավարությանը, որին պատասխանել է ֆինանսների նախարարը:

«Պատասխանում նշված է.« Վարչապետի հանձնարարությամբ պետական բյուջեում պարտավորությունների կատարման արդյունքների ստուգման, ուսումնասիրման, ամփոփման և ձևակերպման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Հաշվի առնելով նշված միջոցառումների ծավալուն լինելը, համապատասխան գործողությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել միայն դրանց կատարման ավարտից հետո: Արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Հարությունյանը:

Փաշինյանն, արձագանքելով, ասաց, թե պատասխանը լիարժեք չէ ստուգումների համար նախատեսված ժամկետների մասով:

«Օրենսդրությունը հստակ ժամկետներ է սահմանել, և այդ ժամկետներով ամեն ինչ պետք է արդեն ավարտված լիներ: Ամեն ինչ անընդհատ տանում եք ֆինանսների նախարարության դաշտ, բայց Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ խոսում է նաև հանագործությունների մասին: Դուք չեք ասում, թե Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը գործողություններ ձեռնարկե՞լ են: Կամ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը զուտ քաղաքական դրդապատճառներով արել է հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, կամ եթե համապատասխանում են, պետք է ունենան համապատասխան հետևանքներ: Երկու շաբաթը մեկ ես էս հարցը տալու եմ: Չմտածեք, թե հանկարծ կցրենք, կմոռանանք, կգնա»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանն էլ ասաց, թե հասկանում է, որ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը երկու շաբաթը մեկ նույն հարցը  կրկնելու է:

«Նաև հասկանում եմ, որ երկրում ծառացած բազմաթիվ խնդիրներից զատ Ձեզ համար քաղաքական առումով ավելի շահավետ է այս հարցը երկու շաբաթը մեկ բարձրացնել»,- պատասխանեց նա` հավելելով, որ Փաշինյանի գրավոր հարցում ժամկետների մասին ոչինչ չի եղել: