Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական ընկերությունների հանդեպ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած ֆինանսական դժվարությունների կամ պակասորդի դեպքում իշխանությունները ցանկացած անհիմն պատրվակով հարձակվում են «Գազպրոմ Արմենիա»-ի եւ այլ ռուսական ընկերությունների վրա։ Այս մասին ասվում է Հայաստանի Կոմկուսի հայտարարությունում։
«Ներկա պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք բարձրագույն ղեկավարությունը գիտակցում է երկրի առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների լրջությունը եւ պետական կառավարման համակարգում արեւմուտքի դրածոների պայթյունավտանգ գործունեության վնասակարությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերություններն առավելագույնս խաթարելուն։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դիվանագիտական դիվերսիա՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ, հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ։
Նման քայլերն անթույլատրելի են եւ չեն բխում հայ ժողովրդի կենսական շահերից։ Կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ պետական կառավարման համակարգից հեռացնել այն մարդկանց, ովքեր իրենց կործանարար քաղաքականությամբ հարված են հասցնում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը։
Ձեռքներդ հեռու Հայաստանում աշխատող ռուսական ընկերություններից»,- նշվում է հայտարարությունում։