Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը:Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ ի դեմս Մանուել Գասպարյանի, «Հայք» կուսակցությունը՝ ի դեմս Գեւորգ Հովսեփյանի:
Araratnews.am-ը ներկայացնում է քաղաքական ուժերի կարգախոսներն ու պաստառները:
ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։
«Ռեֆորմիստների կարգախոսն է՝ «Կանաչ Երևան», իսկ համամասնական ցուցակը գլխավորում է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:
«Ժառանգությունը» հանդես է գալիս «Ժպտա» կարգախոսով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:
«Երեւանի հանրություն» դաշինքը հանդես է գալիս «Ի շահ հարազատ քաղաքի» կարգախոսով, իսկ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, դաշինքի կարգախոսն է՝ «Երևան՝ լույսի քաղաք»:
«Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս»՝ այս կարգախոսով է ներկայանում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է՝ «Քա՛յլ արա, Երևան»կարգախոսով:
«Հայոց համազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է, կարգախոսը՝ «Միասի՛ն…»:
«Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուն Մհեր Շահգելդյանն է: ՕԵԿ-ը հանդես է գալիս «Մենք ենք ու մեր Երեւանը» կարգախոսով:
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Երեւանցիներին ներկայանում է «Արդարություն եւ օրենք» կարգախոսով:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության կարգախոսն է՝ «Երեւանը ես եմ, Երեւանը դու ես, Երեւանը մենք ենք»: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է՝ երջանկահիշատակ պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդին:
«Հայք» («Հայկազուններ») կուսակցության կարգախոսն է՝ «Երեւանը՝ մարդկության մայրաքաղաք», քաղաքապետի թեկնածուն է Գեւորգ Հովսեփյանը:
Սոնա Դավթյան