տուն Լուրեր Ձեռագիրը պարզ է. Հայկ Խանումյանը զուգահեռներ է տանում Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի...

Ձեռագիրը պարզ է. Հայկ Խանումյանը զուգահեռներ է տանում Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի եւ Ս. Բաբայանի ձերբակալության միջև

187
0

hayk

«2000 թվականի մարտի 22-ին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ տեղի ունեցավ, որից հետո Սամվել Բաբայանը քաղաքական դաշտից հանվեց, բանտ նետվեց, այսօր էլ` մարտի 22-ին նրան ձերբակալել են, մի խոսքով ձեռագիրը պարզ է»: Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը, նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը` զուգահեռներ անցկացնելով 17 տարի առաջ այս օրը տեղի ունեցած իրադարձությունների միջեւ:

Խանումյանն ասաց, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական զարգացումների հետեւանք է:  «Այս ամենը պայմանավորված է ՕՐՕ դաշինքին՝ Բաբայանի աջակցությամբ»,- ասաց Հայկ Խանումյանը, բացառելով այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը կարող էր ծրագրել «Սասնա ծռեր- 2» գործողությունը: «Դա ուղղակի ինֆորմացիոն պատրաստություն էր օպերացիայից առաջ: Կարծում եմ` դա ԱԱԾ-ի ինֆորմացիոն պատրաստությունն էր եղել այս գործողություններից առաջ»,- ասաց Հայկ Խանումյանը, կարծիք հայտնելով, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը հարված էր ՕՐՕ դաշինքին, որովհետեւ Բաբայանը կազմակերպչական ունակություններ եւ թիմ ունի նաեւ Հայաստանում եւ կարող է օգնել այդ դաշինքին հաղթահարելու անցողիկ շեմը եւ, տարբեր ուժերի հետ կոալիցիա ստեղծելով, վտանգ ստեղծել, դրա համար էլ չեզոքացրել են:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում, եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ, ընդհուպ կալանավորումներ:

Ի դեպ, քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ  2017 թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի  Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝  9M39 հրթիռով։

Դեպքի առթիվ 2017 թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող  մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ հենց այս գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Սամվել Բաբայանը:

Փայլակ Ֆահրադյան