Ազգային ժողովում շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի 2015թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթն սկսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրելով այն բանում, որ ԿԲ նախագահն արդեն երրորդ տարին է՝ չի գալիս հիմնական փաստաթղթերը քննարկելու. «Ես պնդում եմ՝ նա չի գալիս, որովհետև չի տիրապետում: Մի ասեք՝ նա գործուղման է, դուք սպասե՛լ եք, որ նա գնա գործուղման: Կատարում եք ՀՀ նախագահի ցուցմունքը՝ նա չպետք է գա, պետք է գա Ներսես Երիցյանը։ Երեխա չկա այստեղ, հերիք է: ԿԲ ենք քննարկում, բան ենք ասում, նա վեր է կենում մեզ վրա մունաթ է գալիս, իսկ հիմա մենք կասենք այդ բաները»:
Կատարված խոշորագույն հետազոտությունների արդյունքում, ասաց, պարզել են՝ երկրորդ ամենամեծ խնդիրը ԿԲ-ն է, առաջինն, իհարկե, արտագաղթը:
Դիմելով Ներսես Երիցյանին՝ Բագրատյանը պնդեց՝ բարձրացված հարցերից գրեթե ոչ մեկը ճիշտ չէ, ասելիքներն էլ խեղաթյուրված են ներկայացվում ԿԲ փոխնախագահի կողմից:
Հիշեցրեց Երիցյանին. «Մեզ եկել հին ու նոր տնտեսագիտություն եք սովորեցնում, երիտասա´րդ, հիշեք՝ ես ժամանակին համաձայնություն եմ տվել՝ Ձեզ, Վաչե Գաբրիելյանին ուղարկեն վալյուտային ֆոնդ սովորելու, ընտրել, ուղարկել ենք Բոստոն: Հաշիվ տվեք, թե ինչ եք խոսում: Ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, չեք ուզում Ձեզ իրար տաք, չարչարվեք: Ի՞նչ եք անում դրամի հետ: Ձեզ ինչի համար ենք պահում, եթե մի կոպեկ փող չեք տալիս բյուջեին: Ամբողջ կյանքում ձեզ պետք է սովորեցնենք, այդպես էլ չեք սովորում»:
Ելույթն ավարտեց պատգամավորը՝ նշելով, որ ամաչում է ԿԲ-ի համար, պետության հետ խաղ են անում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, իր հերթին, արձագանքեց. «Ինչ ասեմ, պարոն Բագրատյանը փորձ ունի, բայց բոլորս էլ սխալների վրա ենք սովորում»։