Նկարում պատկերվածը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած առանձնատներից մեկն է: Այն գտնվում է Երեւանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով: Ընդhանուր մակերեսը 160 քառակուսի մետր է: ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ: Եւ այդ գումարը ամբողջությամբ ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում: Այսինքն՝ այս առանձնատան վարձակալության համար վճարում ենք մենք՝ բոլորս: Արժե՞ արդյոք ամսական ավելի քան 2 հազար 300 դոլար վճարել այս առանձնատան համար: ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալները համադրելով՝ կստացվի, որ այս տունը արժե մոտավորապես 60 միլիոն դրամ: Ամեն ամիս 1.110 միլիոն դրամ վճարելով, մոտ 4.5 տարի անց՝ ՀԷՑ-ը մուծած կլինի առանձնատան ամբողջ գինը: Բայց 4.5 տարվա ընթացքում վճարելով առանձնատան ամբողջ գինը՝ ՀԷՑ-ը ետ կվերադարձնի այն սեփականատիրոջը: Հենց միայն այս հաշվարկը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը հսկայական գումարներ պարզապես քամուն է տալիս: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե որքան գումար է փոշիացնում ՀԷՑ-ը, ապա նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն՝ ՀԷՑ-ը թվով 3 հազար 300 պայմանագիր ունի անշարժ գույք վարձակալելու մասին: Հենց միայն ներկայացված առանձնատան օրինակը ցույց է տալիս, որ անշարժ գույք վարձակալելու մասին ՀԷՑ-ի կնքած բոլոր պայմանագրերը ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության:
Եւ ոչ միայն պարզելու համար, թե արդյո՞ք վարձակալության գումարը համապատասխանում է շուկայական գներին, թե ոչ: Ամենակարեւորը՝ պետք է պարզել, թե ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք տվյալ առանձնատունը կամ բնակարանը, որքանո՞վ է դա անհրաժեշտ ՀԷՑ-ի կենսագործունեության համար: Ինչո՞ւ պետք է այս կամ այն առանձնատունը վարձելու համար վճարի սպառողը: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարների կամ շարքային աշխատողների բնակարանի վարձը վճարենք մենք՝ սպառողներս: Չէ՞ որ մեր բնակարանների վարձերը մեր գործատուները չեն վճարում: Եւ սա միայն անշարժ գույքի մասով: Բա ավտոմեքենանե՞րը: Ըստ ներկայացված հայտի, ՀԷՑ-ը կնքել է շուրջ 800 պայմանագիր ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ: Դրանց միայն մի մասն է հատուկ տեխնիկա, որը իրոք օգտագործվում է էներգահամակարգում: Մյուս մասը անհատական օգտագործման մարդատար մեքենաներ են:
Հենց դրանց թվում է այն հայտնի Լեքսուսը, որի վարձակալության համար ՀԷՑ-ը ամսական վճարում է 770 հազար դրամ: Դժվար է ենթադրել, որ Լեքսուսի տանիքին տեղադրել են «վիսոկու ֆազը» ստուգող սարքավորում ու սարերով քշում են: Եւս մի քանի հազար պայմանագրեր ՀԷՑ-ը կնքել է ավտոմեքենաների սպասարկման եւ նորոգման ծառայությունների վերաբերյալ: Դրանք նույնպես ենթակա են չափազանց մանրակրկիտ ուսումնասիրության: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է սակագնի մեջ ներառվի Լեքսուսը կամ մյուս ավտոմեքենաները լվանալու ծախսը: ՀԷՑ-ի կնքած բազմաթիվ պայմանագրերով՝ այդ ավտոմեքենաները ամսական մինչեւ 7 անգամ տարվում են «մոյկա», յուրաքանչյուր անգամ լվանալու համար վճարվում է 3-4 հազարական դրամ: Ընդհանրապես՝ ուսումնասիրելով ՀԷՑ-ի ներկայացրած հայտում առկա մի քանի տասնյակ հազար փաստաթղթերից ընդամենը մի քանի տասնյակը, տպավորություն է ստեղծվում, որ ՀԵՑ-ի ղեկավարությունը իր հաշվին ոչ մի ծախս չի անում: Իրենց բնակարանները մեր հաշվին են վարձակալում, ավտոմեքենաները մեր հաշվին են վարձակալում, վառելիքը մեր հաշվին է, իրենց շրջագայությունները մեր հաշվին են անում…
Եթե ավելի շատ ժամանակ լիներ ու ավելի մանրակրկիտ ուսումնասիրեինք բոլոր պայմանագրերը, կարող է ստացվեր, որ մենք վճարում ենք նաեւ նրանց ընտանիքների ուտելիքի, խմիչքների, կոմունալ ծախսերի, սիգարետների, սուրճի դիմաց: Երբ նրանք իրենց ընտանիքի անդամների հետ այցելում են սրճարան, հաշիվը նույնպես մենք ենք փակում, թերեւս: Իսկ իրենք աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում: ՀԷՑ-ի ներկայացրած յուրաքանչյուր փաստաթուղթ ուսումնասիրելիս մարդ ուզում է բացականչել՝ «Ձեռ ե՞ք առնում, արա: Լրիվ ե՞ք հաբռգել, արա»: