ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքները: Քննարկվում է գլխավոր դատախազի ընտրության հարցը, դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը խորհրդարանականներին է ներկայացնում այն ծրագիրը, որը պատրաստվում է ընտրվելու դեպքում իրականացնել, և պատասխանում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով գլխավոր դատախազի թեկնածուին, ասաց` Արթուր Դավթյանի դիրքորոշումը` Հայաստանում քաղաքական բանտարկյալների առակայության հետ կապված, իրեն ծանոթ է, սական խնդրեց պատասխանել` Հայաստանում քաղաքական չբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:
«Եթե քաղաքական բանտարկյալ է համարվում նա, ով պատասխանատվության է ենթարկվում քաղաքական դրդապատճառնեով, հետևաբար, քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական հետապնդման չեն ենթարկում էլի քաղաքական դրդապատճառներով, ասենք, օրինակ` որ Սերժ Սարգսյանի հետ ունի անձնական մտերիմ հարաբերություններ, նրան տարբեր ծառայություններ է մատուցել: Օրինակ` դահլիճում էդպիսի դեպքեր չե՞ք նկատել: Բացի դա, Դուք «Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ եք եղել, նման դեպքերի հետ առնչվե՞լ եք, թե՞ ոչ»,- հարցրեց Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես է դատախազի թեկնածուն վերաբերվում այն փաստին, որ անկախ մարմին համարվող Հատուկ քննչական ծառայությունում քննիչի գլխավերևում կախված է Սերժ Սարգսյանի լուսանկարը:
«Դուք գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ եք Ձեր գլխավերևում կախել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ես չեմ եղել Գևորգ Կոստանյանի աշխատասենյակում եւ չգիտեմ` նրան սենյակում էլ կախվա՞ծ էր, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև Արթուր Դավթյանի առողջական վիճակով. «Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է, կարո՞ղ է էնպես ստացվել, որ դուք էլ առողջական խնդիրներ ունենաք եւ հրաժարական տաք»:
Արթուր Դավթյանը, պատասխանելով հարցին, ասաց` Կոստանյանի աշխատասենյակում փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը, ապա հորդորեց ուսումնասիրել ենթաօրենսդրական ակտերը` բոլոր հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:
«Ես առողջ եմ եւ կաշխատեմ առողջ մնալ, որպեսզի պարտականությունները, որոնք ստանձնելու եմ, իրականացնեմ»,- անդրադառնալով իր առողջական վիճակի մասին Փաշինյանի հարցին` հավելեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանն իր հրաժարականը հիմնավորել էր առողջական խնդիրներ ունենալով:
Մանրամասները` տեսանյութով քիչ ավելի ուշ:
Շողիկ Գալստյան