Հարվարդի համալսարանի նոր հետազոտութոյւնը ցույց է տվել, որ ձախլիկներն ավելի քիչ են վաստակում, քան աջլիկները, թեպետ ավելի շատ են ֆիզիկական աշխատանք կատարում:
Աշխատունակ ձախլիկների հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Economic Perspectives գիտական ամսագրում` առաջացնելով ձախլիկների ուշադրությունը: Հետազոտության ղեկավար Ջոշ Գուդմանն ասում է, որ իրենց հետազոտությունը թույլ է տվել հերքել նախկինում գոյություն ունեցող այն կարծիքը, թե ձախլիկները ոչնչով չեն տարբերվում աջլիկներից:
«Իմ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու գլխուղեղում գոյություն ունեցող տարբերություններն ազդում են մարդու լեզվական գործունեության վրա: Եվ դա, թերևս, ազդում է նաև նրանց մաթեմատիկական, կարդալու ունակության վրա, և, որպես կանոն, նաև հետագա կյանքի վրա: Սակայն ես արդեն ստացել եմ բազմաթիվ նամակներ վրդովված ձախլիկների կողմից, ովքեր բողոքարկում են այս պնդումները. «Սպասե՛ք մի րոպե, ես շատ խելացի եմ»: Ես ուզում եմ ասել, որ իմ հետազոտությունը չի վերաբերում բոլոր ձախլիկներին», — ասել է նա:
Տեղեկացնենք, որ Երկրի բնակչության 12 տոկոսը ձախլիկ է: Տղամարդիկ ավելի հաճախ են գրում ձախով, քան կանայք:
Վիճակագրությունը նաև փաստում է, որ ԱՄՆ-ում ձախլիկ տղամարդու տարեկան միջին աշխատավարձը 2500 դոլարով պակաս է, քան աջլիկների աշխատավարձը, այսնքն` մոտ 9 տոկոսով: Ձախլիկ կանանց աշխատավարձը պակաս է 3400 դոլարով: Մեծ Բրիտանիայում նման տարբերություն չի նկատվել: