Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը) Արմենչիկի երգացանկից շատ երգեր չի ընդունում, սակայն անհասկանալի է համարում նրան վաստակավոր արտիստի կոչում շնորհելու շուրջ աղմուկը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Հարութ Փամբուկչյանը:
«Զարմացել եմ, որ այդպես են խոսում: Եթե այդքան վատ են վերաբերվում, ինչպե՞ս է, որ գնում են նրա համերգին եւ բոլոր տոմսերը վաճառվում է: Դրան թող ժողովուրդը պատասխանի¦-ասաց նա:
Հարութ Փամբուկչյանը նշեց, որ Արմեն Գոնդրաչյանի (Արմենչիկի) երգացանկից որոշ երգեր չի ընդունում, սակայն չհերքեց, որ լավ կատարումներ, երգիչն, այնուամենայնիվ, ունի՝ ավելացնելով, որ իր «Անցիր, այ գետակ» երգը երկրորդ կյանք է ստացել Արմենչիկի հետ կատարման շնորհիվ՝ մեծ մասսայակայություն վայելելով երիտասարդության կողմից:
Ձախ Հարութը ընդունեց, որ անարժեք երգեր երգել է, սակայն չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե ինքը ռաբիս կատարող է:
«Երանի ես կարողանայի ռաբիս երգել, կլկլացնելը հեշտ բան չի, ասեմ: Իմ ժանրն այլ է, ես անարժեք երգեր երգել եմ, իհարկե, իմ սխալներից է դա, ընդունում եմ, որ տուրք եմ տվել ժողովրդին եւ «ծափ-ծնգոց, մեջը զնգոց» երգեր երգել, բայց տեսել եմ, որ նպատակ չկա»,-անկեղծացավ երգիչը: