Աժ նիստում շարունակվում է «Հրազդան-ցեմենտ» փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Նախագծի վերաբերյալ առաջինն իր դիտարկումն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով նշեց՝ տույժերը հանելը վաճառքի հետ կապ չունեն.«Գործարանը կարող է վաճառվել՝ տույժերը չվաճառելով: Դա խայտառակություն է, որ մեզ ներկայացնում են սուտը: Ծախեք առանց այդ տույժերի, տույժերը պետք է վճարի Միքայել Բաղդասարովը: Նա 2003 թվականին ձրի սեփականաշնորհում է «Խնայբանկ»-ը, որը երկու տարի հետո ծախում է 30 մլն դոլարով, ՎՏԲ-ին, այնուհետև, միաժամանակ մնում է այստեղի ՎՏԲ-ի պրեզիդենտ, ինքն իրեն վարկ է տալիս և հետո հետ չի վճարում այդ վարկը, և դուք հիմա պարտակում ե՞ք այդ հանցագործությունը»:
Պատգամավորն իր խոսքում նաև նշեց, որ Միքայել Բաղդասարովն այդ գործողությունները կատարել է՝ հովանավորվելով ՀՀ իշխանությունների կողմից.«Բաղդասարովին հովանավորել են այսօրվա իշխանությունները, ներառյալ Կենտրոնական բանկի վերջին երկու նախագահները, որոնք իմացել են, որ նման վարկ չէր կարելի տալ: Վերջապես, գործարանը կարելի է վաճառել առանց պարտքերի, պարտքերը թողնելով Միքայել Բաղդասարովի վրա»: