տուն Լուրեր Դուք ի սկզբանե վիժեցնում եք դաշինքի գաղափարը. Հեղինե Բիշարյան

Դուք ի սկզբանե վիժեցնում եք դաշինքի գաղափարը. Հեղինե Բիշարյան

83
0

heghine

«Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները ստացել ենք, գերակշիռ մասը փորձել ենք իրացնել, բայց կան առաջարկություններ, որոնք մենք չենք ընդունել»,-  Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկմանը, պատասխանելով Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին՝ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ ունեն հիմնավոր պատճառներ՝ մերժելու  Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկներ :

ԱԺ պատգամավոր Էդմոն  Մարուքյանն էլ հայտարարեց, որ չի կարողանում հասկանալ՝ ի վերջո իր առաջարկներն ընդունվե՞լ են, թե՞ ոչ:

«Ինձ հետաքրքիր է երկու կարևոր բան՝ մեկը կոալիցիաների հետ կապված, մյուսը տարածքային ցուցակների հետ կապված, որ առաջարկ էր եղել՝ 20 000-ը մեկ թեկնածու առաջադրի, մյուսն էլ, որ տարածքային ցուցակներից, եթե երեք տարածքում մինչև երկու թեկնածու է լինում, կուսակցությունը գրանցումից հանվում է, քննարկվում էր, որ հնարավոր է՝ 5 տարածք դարձնել, դա փոխվե՞լ է, թե՞ ոչ»,- պարզաբանում խնդրեց Մարուքյանը:

Բացի դա, պատգամավորը խնդրեց պարզաբանել նաեւ՝ ՏԻՄ-ում ավագանիներին թույլատրում են  խմբակցություններից դուրս գալ:

«Վանաձորում, Գյումրիում եւ Երևանում թույլ է տրվում ավագանիներին խմբակցություններից դուրս գալ, որքանով է  ճիշտ դա թողնել ՏԻՄ-ի համամասնականում, որ դուրս գան խմբակցություններից, եթե կուսակցություններով են ընտրվում, հետո. ինչի՞ ենք թույլ տալիս, որ դուրս գան կուսակցություններից»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը:

«Երեք թիվը կփոխվի հինգով: Կուսակցության գրանցումն ուժը կորցրած կարող  է ճանաչվել, եթե առնվազն հինգ տարածքներում թեկնածուների թիվը երկուսից նվազի»,-  պատասխանելով հարցին՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատեց՝  որոշ դրույթներ ընդհանրապես զավեշտալի են:

«Ասում եք՝ եթե երեք կուսակցություններ դաշինք են, ապա եթե նրանցից մեկը որոշում է դուրս գալ, ապա մյուս կուսակցությունները չեն կարող մասնակցել ընտրություններին, ո՞նց կարելի է էսպիսի  բան, այսինքն՝ դուք ի սկզբանե վիժեցնում  եք դաշինքի գաղափարը, որ որևէ  կուսակցություն չգնա ռիսկի, էն մյուս կուսակցությանը չվստահի, դաշինք չկնքի, որովհետև հանկարծ մեկը կարող է փոշմանի,  կամ մեկի վրա աշխատեն՝ դուրս գա եւ էդ կուսակցությունը չմասնակցի ընտրություններին»,-պարզաբանում խնդրեց տիկին Բիշարյանը:

Դավիթ Հարությունյանն էլ կրկին ասաց՝ իր համար անընդունելի են մարդ-կուսակցությունները, ուստի հարցին մանրամասն անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում: