Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այս պահին տեղի է ունենում ԵՊՀ ուսանողների և համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հանդիպումը: ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը ելույթ ունենալով նշեց, որ Արամ Սիմոնյանը չի տիրապետում իրավիճակին:
«Ինչպե՞ս եք Դուք Ձեզ զգում այս պահին, նստելով այս մարդկանց կողքին, որոնց համարել եք «Սորոսի շպիոններ»,- հարց ուղղեց Վահան Կոստանյանն ու հավելեց, որ ԵՊՀ-ն նույն հիմնադրամից 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել:
«Այսօր, չգիտես ինչու, որոշեցիք ընդունել, ու ասում եք, թե նման խնդիր չի եղել, որ ուսանողները դիմեն ձեզ, ու դուք չընդունեք: Դուք հացադուլի մեջ գտնվող ուսանողներին անգամ չայցելեցիք: Այո, այսօր ԵՊՀ-ում փակ դռներ չկան, և դուք կարող եք դրա համար շնորհակալություն հայտնել ձեր դիմաց նստած ուսանողներին: Ուսանողները հոգացել են, որ փակ դռներ չլինեն, ու այդ ամենը հոգացել են ծեծ ուտելով, ահաբեկվելով: Դուք մոտավորապես նույն վիճակում եք, ինչ վիճակում էիք, երբ սենյակից դուրս չեկաք ու չպատասխանեցիք մեր հարցերին, թե ինչու են փակվել դռները մեր առաջ»,- ասաց Կոստանյանը:
Սիմոնյանը նշեց, որ ինքը չի կիսում Կոստանյանի այն դիրքորոշումը , թե ինքը չի տիրապետում իրավիճակին:
Հանդիպումը շարունակվում է: