տուն Լուրեր Դուք՝ Մենք ենք…

Դուք՝ Մենք ենք…

107
0

zohvacner1

Ցավում ենք ու հպարտանում: Վերջին օրերին հայկական մամուլի էջերում այս արտահայտությունն է գերակշռում: Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին հայ նվիրյալներն են զոհվում:

Ապրիլի երկուսի առավոտը խաղաղ չէր: Մեկ շաբաթ է՝ պատերազմ է: 1994 թվականի զինադադարն այլեւս ուժի մեջ չէ: Անկեղծ լինելու համար նշենք, որ այն երբեք էլ չի գործել: Չհաստատված խաղաղությունը կյանքեր է խլում, խլում հայ քաջորդու կյանքը:

18-ամյա երիտասարդներ, տղաներ, ովքեր բազմաթիվ երազանքներ ունեին՝ յոթ օր է երկնքից են հետեւում , թե ինչպես են իրենց մարտական ընկերները շարունակում արիաբար կռվել թշնամու դեմ:  Նրանք զոհվել են, որպեսզի իրենց մայրերն ու քույրերը, որպեսզի հայ ժողովուրդն ապրի խաղաղ:

Օրեր առաջ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին դարձյալ մարդաշատ էր: Վերջին օրերին բոլոր եկեղեցիներն են  մարդաշատ:  Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Հերոսներին: Եկեղեցի տանող աստիճանները սովորականից դժվար է դառնում բարձրանալը՝  մարդկանց քայլերը դանդաղ են առաջ շարժվում, գլուխները կախ են, աչքերը՝ խոնավ. եկեղեցու ներսում հայ Հերոսն է: Գիտակցումը մեկն է՝ նա զոհվել է, որպեսզի ապրենք մենք:

Հիմա բոլորս ենք աղոթում, աղոթքը  բոլորին լուռ միացնում է իրար, ցավը մեղմելու միակ տարբերակն աղոթքն է առ Աստված: Փառք քեզ, հերոս, փառք քեզ, հայ զինվոր:

Մենք՝ ապրողներս նրանց ենք պարտական: Երեւանի, հանրապետության մյուս քաղաքների առավոտը խաղաղ է բացվում հայ Հերոսի շնորհիվ:

100-ից ավելի վիրավոր… Արտահայտությունը լսելիս աչքերդ ակամայից խոնավանում են: Նրանք պարտավոր են ապաքինվել, նրանք` մենք ենք: Վիրավոր առյուծը վտանգավոր է, սա առաջին հերթին պետք է գիտակցի հակառակորդը: Հայ զինվորի ոգին բարձր է,  հարվածը՝ մահացու: Սա պետք է գիտակցեն նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող պետությունները:

Անհետ կորածներ…. Հայ քաջորդուն տանը սպասում են: Մեկին՝ ծնողները, մյուսին՝ սիրած աղջիկը, երրորդին՝ նորածին որդին: Նրանք սահմանի ներսում եւս անելիք ունեն:

Խաղաղություն հայկական երկու պետություններին, զոհվածներին՝ հավերժ փառք, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ցավում ենք ու հպարտանում…

Փայլակ Ֆահրադյան