Արարատի մարզի Արգավանդ համայնքում ընտրում են ավագանի ու գյուղապետ: Ընտրատեղամասն ընդամենը մեկն է, իսկ ընտրողների թիվը 1492 է: Սակայն չնայած սրան այստեղ մեծ ծավալով կուտակումներ են, ընտրատեղամասում քվեարկողների թիվը 15-ից շատ ավելին է: Սրա հետևանքով առաջացած աղմուկը զայրացրեց հանձնաժողովի անդամներին, իսկ երբ ընտրողներից մեկը սխալմամբ դատարկ ծրարը գցեց արկղի մեջ, հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց նյարդերը տեղի տվեցին : Վստահված անձանցից մեկը մեղադրեց հանձնաժողովին անդամին, ով վերահսկում է արկղը, ընտրողների քվաթերթիկն ու անտեղ կատարված ընտրությունը նայելու ու ուղղորդելու մեջ: «Տենց չպտի անես, դու պիտի ինձ ասե՞ս, թե ես ոնց աշխատեմ»,-գոռում էին ընտրության ընթացքը վերահսկողները: Ի վերջո սխալ քվեարկած ընտրողին նոր ծրար տրվեց նորմալ քվեարկելու համար:
Հաջորդ վեճը «բեյջերին» էր վերաբերում: Կան վստահված անձինք, ովքեր տեսանելի վայրում չեն փակցնում իրենց բեյջերը, իսկ մյուս վստահված անձանց սա դուր չի գալիս, ովքեր էլ դիմեցին հանձնաժողովի նախագահ Ավետիս Ծատուրյանին: Արդյունքում կրկին աղմուկ բարձրացավ:
Իսկ երբ ընտրողներից մեկը թերթիկն առանց դրոշմակնիքի գցեց քվեատուփի մեջ, համայնքապետի թեկնածու Արմեն Սարգսյանի վստահված անձը հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց, իսկ գործող քաղաքապետի վստահված անձն էլ հորդորեց աղմուկ չանել՝ ասելով, որ հանձնաժողովի անդամն ուղղակի չհասցրեց կնքել, դա ընտրողի մեղքն էր, իսկ վստահված անձն էլ կարող է արձանագրություն կազմել: Հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ նետեց. «Գնացեք, ուրիշ սենյակում վիճեք, վաղն ամբողջ Հայաստանը մեր ընտրատեղամասի մասին է խոսելու»: