տուն Լուրեր Դրամի արժեզրկման վտանգ կա՞, թե՞ ոչ. ԿԲ-ի արձագանքը՝ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը

Դրամի արժեզրկման վտանգ կա՞, թե՞ ոչ. ԿԲ-ի արձագանքը՝ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը

170
0

Վերջերս  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտահոգությունն էր հայտնել, թե չի բացառվում, որ դրամն արժեզրկվի, քանի որ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) վաճառում է իր ռեզերվերները՝ դրամի կայունությունն ապահովելու համար:

Araratnews.am-ը փորձեց բանավոր պարզաբանում լսել ԿԲ-ից, սակայն մեզ հորդորեցին հարցը գրավոր ուղղել: Սա այն դեպքում, երբ հարցազրույցը հրապարակվել էր օրեր առաջ, եւ ԿԲ-ն, հաշվի առնելով փաստը, որ հազարավոր քաղաքացիներ դրամով տարատեսակ ավանդներ ունեն բանկերում, ինչպես նաեւ բազմաթիվ գործարքներ են կնքում, պետք է լրատվամիջոցներից առաջ անցներ, անդրադառնար Հրանտ Բագրատյանի հայտարարությանը:

Ինչեւէ, հարցն ուղարկեցինք գրավոր եւ խնդրեցինք պատասխանել մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Ի դեպ, հարցերից մեկն այն էր, թե ինչո՛ւ երկրի ֆինանսական  ամենակարևոր կառույցը «նախահարձակ» չի եղել եւ չի արձագանքել նախկին վարչապետի հայտարարություններին: Հրապարակում ենք ԿԲ-ի պատասխանը.

«Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի տրված հարցազրույցում հնչած մտքերին ՀՀ կենտրոնական բանկը անդրադարձել է այնքանով, որքանով նպատակահարմար է գտել. Սակայն քանի որ հարցը ստացել է որոշակի հնչեղություն, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը հարցին անդրադարձել է սոցիալական ցանցի միջոցով, այն ուղղելով գործընկերներին և  լրատվական միջոցներին: 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):

2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ):

Ներդրված ավանդների դիմաց գոյացած տոկոսային եկամուտները ավանդատուները հիմնականում բանկերից կանխիկացնում են:
Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017 թվականին կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):

Իսկ ինչ վերաբերվում է արտարժույթի վաճառքին, ապա տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն անգամ գիտեն, որ ինտերվենցիաների մասին տեղեկատվությունը արտացոլված է լինում ՀՀ ԿԲ պաշտոնական հաշվետվությունում, որի համաձայն անցնող տարվա և նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժույթ զուտով ոչ թե վաճառել է, այլ հակառակը գնել է.

2016 թվականին 29.3 մլն ԱՄՆ դոլար
2017 թվականին 100.6 մլն ԱՄՆ դոլար
2018 թվականի 9-ը ամիսների ընթացքում 44 մլն ԱՄՆ դոլար:

Ընթերցողի համար ավելի հասանելի ձևակերպմամբ տեղեկատվությունը ներկայացված է պաշտոնական տեղեկագրերում, որքան արտարժույթ է գնել ՀՀ ԿԲ-ն 2016-2017 և 2018 ինն ամիսները ներառյալ»:

ԿԲ-ի պատասխանում, սակայն, մեր հարցի պատասխանը դրամի արժեզրկման մասին չկա: Պարզապես ԿԲ-ի պատասխանի այն հատվածից, որը վերաբերում է արտարժույթ գնելուն,  կարելի է ենթադրել՝ շուկայում  դրամի արժեզրկման վտանգ ու անհանգստանալու առիթ այս պահին չկա:

Սոնա Դավթյան