Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում, երբ ամեն ինչ ազդում է նաև տնտեսության ու արտարժույթի փոխարժեքի վրա, եթե ունեք խնայած գումար, որը նախընտրում եք պահել տանը, ինչ տարբերակով՝ դոլարո՞վ, թե՞ դրամով ճիշտ կլինի այն պահել: Հարցին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Եթե գումարը ցանկանում եք պահել տանը, ճիշտ կլինի այն պահել դոլարով, որովհետև դոլարը չի էժանանալու և, հավանաբար, դեռ կշարունակի արժևորվել՝ կապված ԱՄՆ-ի տնտեսության զարգացման հետ, և, ընդհանրապես, դոլարի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա ուժեղ է: Այնպես որ, գումարը դոլարով պահելն ավելի ձեռնտու է, քանի որ այն կարժևորվի, և հետո փոխանակելիս ավելի շատ դրամի կվերածեն»,- նշեց պարոն Մակարյանը:
Ինչ վերաբերում է գումարը բանկերում պահելուն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Բանկերը հատուկ քաղաքականություն ունեն, որ դրամով ավելի լավ տոկոսով են վերցնում ավանդները, քան դոլարով: Հիմա եթե մարդ կա, որ փող ունի, ուզում է դնել բանկում, որպեսզի այդ տոկոսով ինքն ապրի, պետք է դրամով անի, որովհետև դոլարի վրա տոկոսները քիչ են, դրամի վրա` ավելի շատ»:
Գագիկ Մակարյանը նաև հավելեց, որ դոլարը ձեռնտու է նաև այլ երկրներում առևտուր անելու համար. «Օրինակ՝ Ուկրաինա կամ Ռուսաստան գնալ և առևտուր անել դոլարով ավելի ձեռնտու է, որովհետև այնտեղ դոլարի դեֆիցիտ կա, եթե, օրինակ` 100 դոլարը վերածես ուկրաինական արժույթի` գրիվնայի, ահագին բան կառնես»:
Էմմա Հովսեփյան