Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավին մարդկանց պարտադրանքով են տանում: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել օգտատերերից Գրիգոր Դոխոյանը: «Հարգելի ընկերներ, պաշտոնապես հայտարարում եմ, իմ աղջիկը սովորում է Դավթաշենի N200 դպրոցում, մեկ ժամ առաջ երեխայիս ուսուցիչը հայտնել է կնոջս, որ իրենց կարգադրել են փոխանցել ծնողներին, որ վերջիններս անպայման մասնակցեն Տարոն Մարգարյանի հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Դավթաշենում: Նույն խնդրով զանգահարեցին տղայիս N58 մանկապարտեզից»,- գրել է նա:
Araratnews.am-ը հիշյալ դպրոցից փորձեց մեկնաբանություն ստանալ: Ուսումնական հաստատությունից մեզ հայտնեցին, որ տնօրենը շրջում է դպրոցում եւ չի կարող հեռախոսազանգերին պատասխանել: Միեւնույն ժամանակ հերքեցին հայտարարությունը:
N58 մանկապարտեզից, որը եւս գործում է Դավիթաշեն վարչական շրջանում, տեղեկություն ստանալ մեզ չհաջողվեց:
Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարաղամյանը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր Դավիթաշեն վարչական շրջանում նախատեսված է Մարգարյանի հանդիպումը ընտրողների հետ: Ինչ վերաբերում է ահազանգերին, ապա օգնականը հայտնեց, թե նման ինֆորմացիայի չի տիրապետում` խորհուրդ տալով կուսակցական հարցերով դիմել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Այնտեղից էլ հայտնեցին, թե տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ դպրոցների և մանկապարտեզների 100-ից ավելի տնօրեններ ներգրավված էին ՀՀԿ-ի համար ձայներ բերելու գործին: Հրապարակվել էին դրանք փաստող սկանդալային ձայնագրություններ:
Փայլակ Ֆահրադյան