Իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան մեղադրել են բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին ավտորիտարիզմի, անքաղաքավարության և երեսպաշտության մեջ, որը միասեռ ընտանիքների արհեստական բեղմնավորման վերաբերյալ դիզայներների քննադատական խոսքերից հետո հայտարարել էր Dolce&Gabbana-ն բոյկոտելու մասին։ Հաղորդում է Agence France-Presse-ը։
«Մեր նպատակը երբեք չի եղել դատել ուրիշների ընտրությունը։ Ես սիցիլիացի եմ և մեծացել եմ ավանդապաշտ ընտանիքում, ապրել եմ ծնողներիս հետ։ Սա այն իրականությունն է, որում ես մեծացել եմ, սակայն դա չի նշանակում, որ ես չեմ հասկանում այլ ընտրության հնարավորությունը։ Ես խոսել եմ իմ սեփական կարծիքի մասին՝ առանց ուրիշ մարդկանց ընտրությունը կամ որոշումը քննադատելու», — ասել է Դոլչեն։
Գաբբանան, իր հերթին, այնքան է զայրացել երգչի կոչից, որ սոցցանցերում օգտագործել է #ֆաշիստ և #բոյկոտէլթոնջոն հեշթեգերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դիզայներները իտալական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էին, որ միասեռականների կողմից երեխաների որդեգրումը անբնական է և արգանդից դուրս ծնված երեխաներին էլ անվանել էին «սինթետիկ երեխաներ»։ Ի պատասխան այս հայտարարության՝ Էլթոն Ջոնը կոչ էր արել բոյկոտել Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբբանայի արտադրանքը։ Այս կոչին միացել են երգիչ Ռիկի Մարտինը, երգչուհի Քորթնի Լավը և այլոք։