Գնագոյացման մեջ դոլարից կախվածության վերացումը կմոտեցնի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր արժույթի ներդրումը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
«Հարկավոր է ազգային արժույթով գնագոյացման անցնել: Այդ դեպքում միասնական արժույթի ստեղծմանն անցման հեռանկարն ավելի մոտ կլինի, քան եթե շարունակենք փոխադարձ հաշվարկներում եւ գնագոյացման մեջ օգտագործել երրորդ երկրների արժույթը»,- ասել է Կոբյակովը:
Բելառուսցի պաշտոնյայի խոսքով, ելնելով այն ծրագրերից, որ մշակվել են Եվրասիական տնտեսական միությունում, միասնական արժույթի ներդրման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը կտեւի առնվազն մինչեւ 2025 թվականը: