Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են ամենամյա Doing Business զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքը 3 հորիզոնականով: Եթե անցած տարի Հայաստանը 40-րդ հորիզոնականում էր, ապա այս տարի այն 37-րդում է:
Doing Business-ի ընդհանուր ինդեքսը կազմվում է 10 ենթաինդեքսներից: Դրանցից 3-ում Հայաստանը առաջընթաց է արձանագրել, 6-ում` հետընթաց, 1-ում փոփոխություն չի եղել: Առաջընթաց է գրանցվել հարկերի վճարում (9 հորիզոնականով առաջ է եկել` զբաղեցնելով 103-րդ տեղը), պայմանագրային պարտավորությունների կատարում (5 դիրքով առաջ` 112-րդ տեղ) և բիզնես սկսելու դյուրինություն (4 դիրքով բարելավում` 6-րդ տեղ) ցուցանիշներով:
Ամենամեծ հետընթացն արձանագրվել է շինարարության թույլտվություններ տալու մասով (8 հորիզոնականով հետ ենք ընկել` զբաղեցնելով 79-րդ տեղը):
Մյուս չափանիշներից են էներգացանցերին միացում, սեփականության գրանցում, վարկերի հասանելիություն, ներդրողների իրավունքների պաշտպանություն, անդրսահմանային առևտուր, որոնցում Հայաստանը 1-2 հորիզոնականով վատթարացրել է իր դիրքը: Սնանկության կարգավորում ցուցանիշով Հայաստանի դիրքն անփոփոխ է մնացել:
Տարածաշրջանի երկրներից Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը զբաղեցրել են՝ 69-րդ, 70-րդ և 152-րդ հորիզոնականները, Ռուսաստանը` 111-րդ հորիզոնականից տեղափոխվել 92-րդ հորիզոնական, իսկ Վրաստանը` 9-րդ հորիզոնականից 8-րդ հորիզոնական:
Բացի Վրաստանից, առաջին տասնյակում են նաև Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան, Մալայզիան, Հարավային Կորեան, Նորվեգիան ու Միացյալ Թագավորությունը։
Զեկույցի հեղինակները հիմնվել են նախորդ տարվա հունիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքների վրա։