Երեւանի Կարմիր Բլրի տարածքում՝ ուրարտական հնագույն Թեյշեբաինի ամրոցի տեղում, վերջին պեղումների ժամանակ հայտնաբերվել է բարձրաստիճան անձի, ենթադրաբար փոխարքայի գերեզմանաթումբ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։
Մեկ այլ կարեւոր գյուտ, որը արվել է Թեյշեբաինիի պեղումների արդյունքում, այն է, որ քաղաքում բնակվել են ոչ թե վերաբնակներ, ինչպես Էրեբունիում, այլ բնիկներ։ Հնագետի խոսքով՝ դա հնարավորություն կտա վերջ դնել հավերժական վեճերին այն մասին, թե Ուրարտուի կամ Վանի թագավորության բնակիչները հայեր են եղել, թե ոչ։
Գիտնականի խոսքով՝ 2013-ին Երեւանը շրջանցող երթուղու կառուցման քննարկումների ժամանակ, Եվրասիական բանկի պնդմամբ Չարբախի գերեզմանատան հյուսիսային ծայրամասի երկայնքով որոշվեց պեղումներ անցկացնել, որպեսզի հասկանալի լինի, թե իրոք այնտեղ հնագիտական շերտեր չկան, եւ կարող է այդտեղով անցնել նոր ճանապարհը։
Այդ վայրում, ինչպես ասաց Հակոբ Սիմոնյանը, աղբակույտ է եղել, եւ քչերը կարող էին ենթադրել, որ դրա տակ յուրահատուկ ճարտարապետական հուշարձան է՝ Թեյշեբաինի քաղաքի գերեզմանատունը։ Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 281 գերեզման։ Դրանցում գտել են տարատեսակ կենցաղային կահ–կարասի, զոհաբերված կենդանիների ոսկորներ, զենքեր, զարդեր։ Գտել են նաեւ ուրարտական մարտակառքի մի կտոր։ Այդ ամենը կօգնի պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես էին հագնվում Թեյշեբաինիի հնագույն բնակիչները, ինչպիսի զարդեր էին կրում, ինչով էին սնվում եւ անգամ ինչ հիվանդություններով էին վարակվում։ Սակայն գլխավորն այն է, որ հնարավոր կլինի այստեղ ապրող մարդկանց ԴՆԹ անալիզ անցկացնել եւ այդ տվյալները համեմատել հայկական լեռնաշխարհի ավելի հին բնակիչների եւ ժամանակակից հայերի տվյալների հետ եւ վերջապես գտնել այն հարցի պատասխանը, թե ովքեր են եղել Ուրարտուի բնակիչները։
Հակոբ Սիմոնյանն անալիզի համար Կոպենհագեն է ուղարկել արդեն 25 նմուշ, 25-ն էլ՝ Բոսթոն: Սակայն Թեյշեբաինի գերեզմանատեղիի ամբողջ մարդաբանական նյութի լիակատար հետազոտման համար կպահանջվի մի քանի հազար դոլար: Այս հարցում գիտնականների հույսը պետության կամ հովանավորների աջակցությունն է, քանի որ այդ հետազոտությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի պատմության համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի:
Հակոբ Սիմոնյանը նշել է, որ պեղված բարձրատոհմիկ անձի գերեզմանաթումբը զբաղեցրել է 40 քառակուսի մետր տարածք: Վերեւից այն ծածկված էր տուֆե պաշտամունքային քանդակով: Մարդու հետ միասին թաղվել են նաեւ կենդանիներ՝ ձիեր, ցլեր, նաեւ, ենթադրաբար, ուղտեր: Այն, որ հուղարկավորվածը փոխարքա է՝ վկայում է գերեզմանաթմբում հայտնաբերված ցլի գլխով եւ մահիկաձեւ տեգով գավազանը: Հնագետի խոսքով՝ այդպիսի գավազաններ են կրել խեթ եւ ասորի արքաները, Եգիպտոսի փարավոնները:
Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի տարածքում նախկինում էլ են այդպիսի գավազաններ գտել, սակայն դրանց նշանակությունը հասկանալի չէր: Հնագետը ենթադրում է, որ Ուրարտուում այդ ժամանակ արդեն գոյություն ուներ վարչատարածքային բաժանում, եւ վարչական յուրաքանչյուր միավոր իր փոխարքան ուներ: Նրանցից մեկի նստավայրը քագավորության ամենակարեւոր քաղաքներից մեկում էր՝ Թեյշեբաինում:
Հնագետի խոսքով՝ պեղումներն այդ տարածքում ավարտվել են, եւ հիմա ինքը երազում է այն մասին, որ այդտեղ Էրեբունիի կամ Մեծամորի նման թանգարան կստեղծվի, որտեղ կցուցադրվեն բոլոր գտածոները։