Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Զեկուցողն էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
Փոխնախարարը նշեց, որ խոսքը մի փոփոխության մասին է, որը թույլ կտա արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատող դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համակարգում՝ երկարատև գործուղման կարգավիճակով:
«Ներկա օրենքով այդ հնարավորությունը վերապահված է միայն վարչապետի աշխատակազմում գործուղմանը, և օրենքը փոփոխելու արդյունքում մենք պրոֆեսիոնալ դիվանագետներին հնարավորություն կընձեռենք նաև աշխատել և պահպանել իրենց դիվանագիտական ստաժը ԱԺ-ում, նախագահի աշխատակազմում և պետական այլ մարմիններում, եթե կա մասնավոր համապատասխան համաձայնություն՝ հայեցողական կամ վարչական պաշտոններում աշխատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: