«4+4+4» ձևաչափով քննարկումները ԸՕ-ի շուրջ այսօր ևս կշարունակվեն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Բոլոր տիպի առաջարկությունները քննարկվում են, և բոլոր շահագրգիռների հետ մենք աշխատում ենք, ցանկացած ձևաչափով քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ: Քննարկումներն էլ այս պահին շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԸՕ- ն չի քննարկվի: Սա նշանակում է, որ առաջիկա քառօրյայում այն չի քննարկվի: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ չի կարող հստակ ասել՝ ԸՕ-ը կքննարկվի՞ արտահերթ նիստում, թե ոչ:
Մեր հարցին, թե քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու ընդդիմության առաջարկությունը իշխանության կողմից շարունակում է մնալ անընդունելի՞, թե՞ դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Խնդիրը հետևյալն է, որ Վենետիկի հանձնաժողովն ունի խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր հանձնաժողովից հետո քննարկվում է թե ինչ քննարկումներ են եղել, և մարտի 10-ին հերթական անգամ խորհուրդը տարբեր հարցերի անդրադառնալով, անդրադառնալով քվեարկածների ցուցակները հրապարակելուն, ասել է. ես բառացի մեջբերում եմ. «Խորհուրդը քննարկելով քվեարկած ընտրացուցակների հրապարակման հարցը, հանգել է այն եզրակացության, որ դրանք չպետք է հրապարակվեն»: Այնուհետև շարունակում է. «Բացառիկ դեպքերում քաղաքական ուժերին կարող են հնարավորություն ընձեռել մատչելիություն, տարբեր կերպ ծանոթանալ ցուցակներին»:
Ըստ Հովհաննիսյանի, կա ցուցակների պաշտոնական, և տարբեր կերպ ծանոթանալու մեխանիզմ:Նախարարն ասաց, որ ցուցակների պաշտոնական հրապարակումը ընդունելի չէ, բայց բոլորովին այլ հարց է, որ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու դրանց հետ:
Այսինքն՝ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում չի լինի, սակայն դիտորդներն ու վստահված անձինք հնարավորություն կունենան ցանկության դեպքում ծանոթանալ դրանց:Մեջբերելով Վենետիկի հանձնաժողովի տեսակետը` նախարարը նշեց, որ իրենք մեկ քայլ առաջ են գնացել և դիտորներին ևս հնարավորություն կտան ծանոթանալ այդ ցուցակներին: