Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը:
Վարման կարգով ելույթում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց՝ իրենք դեմ չեն, որ ներդրումներ արվել, բայց իրենք ունեն լուրջ մտահոգություն՝ մի քանի հարցերի հետ կապված. «Առաջինը՝ նոր ստեղծվող ընկերությունների և Դիլիջանում ու տարածաշրջանում գործող ընկերությունների միջև ստեղծվելու է անհավասար մրցակցային միջավայր, երկրորդ՝ ապօրինի շինությունները, երբ մարդիկ գտնվում են ՀՀ-ից դուրս գալիս են, տեսնում՝ պետականացրել են այդ շինությունները, երրորդ՝ հարկատեսակների մասով Սահմանադրությանը հակասում է, պետք է հստակ նշվի՝ որ հարկատեսակի դեպքում, ինչ դրույքաչափ է նախատեսված»,- մանրամասնեց պարոն Մելքումյանն ու ավելացրեց՝ եթե նշված հարցերի հետ կապված փոփոխություններ լինեն, ապա իրենց կուսակցությունը կվերանայի մոտեցումը:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ևս շեշտեց՝ կողմնակից են մարզերում զարգացման հնարավորություններ տրվեն, և այդ հնարավորությունները լինեն ռազմավարական բնույթի: ՕԵԿ-ը, սակայն խնդիրներ է տեսնում ստեղծվող խորհրդի և ՏԻՄ մարմինների հարաբերությունների տեսանկյունից՝ մտահոգություն հայտնելով, որ ստեղծվող խորհրդի իրավունքների շրջանակը հնարավոր է գերազանցի ՏԻՄ-ի գործառույթների շրջանակները:
Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեցին 72, դեմ 5 ձեռնպահ 22 պատգամավոր: