Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը դադարից հետո վերսկսել է իր աշխատանքը: Ներկայացումներ լինում են, իսկ դերասանները առաջվա նման գալիս են փորձերին:
Հիշեցնենք, որ թատրոնը որոշ ժամանակ չէր աշխատում: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը դժգոհ էր խաղացանկից, դերասաններից և բաց նամակով դիմել էր Մշակույթի նախարարություն՝ խնդրելով թատրոնի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, ինչպես նաև կառուցվածքային փոփոխություններ կատարել, իսկ դերասանները չէին ցանկանում աշխատել գլխավոր ռեժիսորի հետ.«Զրպարտություն է, երբ ասում է, թե ներկայացումները ցուցադրվում են առանց փորձերի: Դա խոսում է նրա մասին, որ մեկուկես տարի ինքը չի հետևել թատրոնի գործունեությանը ու չգիտի, որ արվում են այդ փորձերը՝ թատրոնի 2-րդ ռեժիսորի մասնակցությամբ և գլխավորությամբ: Հիմա ես չեմ պատկերացնում՝ էդ մարդը, որի հետ ժողովներ ենք ունեցել ու իրեն ասել ենք, որ մենք չենք ուզում իր հետ աշխատել, ինչպե՞ս է գալու և սկսի աշխատել 40 հոգու հետ»,-մեզ հետ զրույցում նշեր էր թատրոնի դերասան Մարատ խաչատրյանը:
Araratnews.am-ը դիմել էր նաև մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ պայմաններում է շարունակելու աշխատել թատրոնը՝ դերասանների, թե գլխավոր ռեժիսորի պահանջը կբավարարվի: Այնտեղից մեր հարցմանն ի պատասխան նշել են.«2016 թ. հունվարի 29-ին ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացել է Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որը քննարկել է վերջին շրջանում թատրոնում առաջացած խնդիրները՝ կապված ստեղծագործական, գեղարվեստատեխնիկական և ադմինիստրատիվ անձնակազմի բողոք-պահանջի, ինչպես նաև գլխավոր ռեժիսորի կողմից հրապարակած բաց նամակի հետ: Գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ նպատակահարմար չէ թատրոնում իրականացնել կառուցվածքային և կադրային փոփոխություններ: Նիստի քննարկման արդյունքում որոշվեց հաստատել թատրոնի ընթացիկ խաղացանկը և իրականացնել 2 նոր բեմադրություն՝ L. Բեռնսթայնի «Վեսթսայդյան պատմություն» (բեմադրիչ` Ա. Մելիքսեթյան) և Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (բեմադրիչ` Ա. Սարիբեկյան)»:
Նախարարության որոշումից հետո ի՞նչ սկզբունքով են աշխատելու թատրոնի դերասանները, երբ ընթացիկ խաղացանկում ներառված է նաև Ա. Մելիքսեթյանի «Վեսթսայդյան պատմություն» ներկայացումը, դերասան Մարատ Խաչատրյանը պատասխանեց.«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք աշխատելու Արմեն Մելիքսեթյանի հետ: Ներկայացումը կարող է լինել, չգիտեմ ինքը ինչ տարբերակով կաշխատի, բայց դերասաններն իրենց որոշման մեջ հաստատակամ են: Անհնար է, այսքանից հետո աշխատել Արմեն Մելիքսեթյանի հետ: Մենք քննարկեցինք ու հասկացանք, որ պետք է խաղալ, բայց մեր պահանջը դեռ մնացել է անփոփոխ»: