Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին հիմնադիր համաժողովը: Կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով` իրենք դեմ են «արևմտամետ», «ռուսամետ», «ամերիկամետ» , «և-և», «կամ-կամ» թեզերին:
«Արդեն մի քանի տարի է ինչ աշխարհում նոր բաժանարար գիծ է ձեւավորվում: Երկրները, քաղաքական ուժերը, նույնիսկ հասարակ մարդիկ սկսել են վիճել եւ միմյանց բաժանել եվրապամետների, ռուսամետների , ամերիկամենտների: Մեզ համար անընդունելի է նման բաժանումը. չկա ամերիկյան, եվրոպական, չինական կամ ռուսական միանշանակ ճշմարտություն: Այսօր էլ չկա եւ չի կարող լինել արժեքային համակարգ ըստ տարածաշրջանի, ըստ ազգության, հավատքի: Կան միայն համամարդկային արժեքներ, իրավունքներ եւ ազատություններ, որոնք չեն ճանաչում ոչ սահման, ոչ ազգություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Ինչ վերաբերում է մեր երկրի արտաքին քաղաքականությանը՝ սեպտեմբերի 3-ի տխրահռչակ միանձնյա որոշումը մեր երկիրը մեկ գիշերվա մեջ գցեց այդ բաժանարար գծի մի կողմը` հակառակ կողմում թողնելով մեկ այլ ոչ պակաս կարեւոր տնտեսական, քաղաքական ու մշակութային բևեռ: Այդ քայլը փորձեցին հիմնավորել մեր անվտանգությամբ` Արցախի անվտանգությամբ: Արդյունքում մեր ռազմավարական դաշնակիցը շարունակեց զինել մեր թշնամու զինվորներին և միլիարդավոր դոլարների հարձակողական զենք վաճառել»,- ասաց նա և շարունակեց. «Բոլորին էլ հայտնի է, թե այս տարվա ընթացքում քանի զինվոր մահացավ սահմանին, եւ ինչպես էին կրակահերթի տակ պահվում սահմանամերձ համայնքները այդ «անվտանգության» շրջանակներում, որի դիմաց Հայաստանը համաձայնեց թողնել Արցախը ԵՏՄ սահմանի հակառակ կողմում: Ուստի, առաջ քաշված «արևմտամետ», «ռուսամետ», «ամերիկամետ» , «և-և», «կամ-կամ» թեզերին մենք, ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ ասում ենք «ոչ-ոչ», քանի դեռ չենք կարող բանակցությունների ներկայանալ վստահության քվե ստացած և հայ ժողովրդին ներկայացնող պաշտոնյայով»,- ասաց Ալեն Սիմոնյանը: