Չեռնոբիլի ատոմակայանի վթար, դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժ, հոկտեմբերի 27, Հնդկական օվկիանոսում երկրաշարժ, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդ, ապրիլյան քառօրյա պատերազմ… Այս ցուցակը կարելի է երկար շարունակել։ Իսկ ի՞նչն է ընդհանուր այս իրադարձությունների համար. սրանք բոլորը տեղի են ունեցել լիալուսնի կամ նվազող լուսնի ժամանակ։
Մեր դիտարկումների ժամանակ պարզեցինք, որ 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ լուսինը եղել է 17 օրական, 1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի աղետալի երկրաշարժի օրը՝ 28 օրական, նվազող, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության օրը՝ 19 օրական, նվազող, 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի օրը, երբ աշխարհի երեսից վերացան այդ ավազանի մի շարք բնակավայրեր՝ 15 օրական, լիալուսին, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրը՝ 22 օրական, նվազող լուսին, 1939 թ. սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ՝ 17 օրական լիալուսին, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմ՝ 27 օրական նվազող լուսին:
Լիալուսին է համարվում 14-17 օրական Լուսինը, որից հետո այն նվազում է:
Պայծառատես Անի Գորիգորյանը վստահեցնում է, որ այն աղետները, որոնք տեղի են ունեցել լիալուսնի ժամանակ, դրանց մասին առնվազն 12 ժամ առաջ մեզ տիեզերքից զգուշացրել են. «Հիշում եմ` ինչպես էր դեկտեմբերի 7-ի երկրաշարժին նախորդող օրը անձրև գալիս, այդ անձրևն արյան նման էր: Լվացքն այնպես էր կեղտոտվել, որ բոլորս զարմացել էինք: Ես գիտեմ նաև, որ Ավետիսյանների դեպքի հետ կապված նույնպես զգուշացում է եղել՝ շներն են ոռնացել, երեխան է իրեն վատ զգացել: Միշտ էլ դժբախտ դեպքերից առաջ մեզ զգուշացում լինում է, և երբ Լուսինն ամբողջական է դառնում, այդ աղետները կատարվում են»:
Պայծառատեսը նշում է, որ լիալուսնի ժամանակ ամեն անհնարին բան կարող է կատարվել. «Լիալուսինը գերհզոր բան է, ազդում է մարդկանց վրա: Այն մեծ ուժ ունի, որ տիեզերքից հզոր էներգիա է հաղորդում մեզ նման մարդկանց, որպեսզի մենք էլ կարողանանք օգնել մեր դիմացիններին: Լիալուսնի ազդեցությունը զգալու համար պարտադիր չէ պայծառատես լինել, այն մյուս մարդկանց վրա էլ է ազդում»:
Նա խորհուրդ է տալիս ուշադիր լինել նաև այն հանգամանքին, որ հենց լիալուսնի ժամանակ է մարդկանց կյանքում ինչ-որ փոփոխություններ լինում. «Երբ ասում են` շատերի վրա բացասաբար է ազդում, այդ ժամանակ հզոր էներգիան ոչ թե խանգարում է կամ անհաջողություն բերում, այլ խնդիրը մարդու էներգետիկ դաշտն է, որ չի կարողանում դիմակայել լիալուսնի էներգիային»:
Չնայած բազմաթիվ օրինակներին ու փաստերին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը պնդում է, որ իրականում լիալուսինեը ոչ մի խորհրդավոր ազդեցություն էլ չի թողնում մեր կյանքում. «Լիալուսինը պարզապես Արեգակ-Երկիր- Լուսին փոխադարձ դիրքի արդյունք է: Պարզապես մենք ամիսը մեկ անգամ տեսնում ենք Լուսինն իր ողջ լուսավորությամբ, և դա չի կարող համարվել ինչ-որ խորհրդավոր բան: Ես ճիշտ չի համարում այդ խոսակցությունները, որ բնական աղետները կապված են լիալուսնի հետ: Այստեղ մի բան կա՝ օվկիանոսում լիալուսնի ժամանակ մակընթացությունը կարող է ավելի ուժեղ լինեն: Բայց լուսնի ցանկացած փուլի ժամանակ կարող է երկրաշարժ կամ այլ աղետ լինել, որտեղ առաջնայինը լուսինը չէ, այլ երկրակեղևում տեղի ունեցող շարժումները»:
Նշենք, որ այսօր լուսինն իր վերջին փուլում է՝ լիալուսին է, իսկ վաղը՝ սեպտեմբերի 16-ին` Երևանի ժամանակով ժամը 23.04-ին, տեղի կունենա տարվա վերջին Լուսնի խավարումը. «Այն կիսաստվերային խավարում է, Ձկներ-Կույս կենդանակերպերի առանցքով է անցնելու և իր ուրույն դերն ունի տարվա եզրափակման մեջ: Քանի որ սեպտեմբերի 1-ին տեղի էր ունեցել Արեգակի խավարում, սեպտեմբերի 16-ի Լուսնի խավարումով տղամարդկային էներգիան կմիաձուլվի կանանց էներգիային, որը շատ ուժեղ նոր դաշտ է ստեղծում նաև կին-տղամարդ փոխհարաբերություններում»,-մեզ հետ զրույցում նշեց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Հուսանք, որ այս ամսվա լիալուսինը երկրի համար ոչ մի վատ ազդեցություն չի ունենա:
Էմմա Հովսեփյան