Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դեղերի շուկայում մենաշնորհներին, նշեց. «Մենաշնորհների դեմ պայքարը, եթե դա անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունք է, որ, ենթադրենք, ինչ-որ մի ներմուծողի դեղը չէին մաքսազերծում, կամ այդ մենաշնորհները պայմանավորվում էին դեղերի բարձր գների շուրջ, կարծում եմ՝ ՊԵԿ-ի դաշտում է, և վստահ եմ, որ դրանով կզբաղվեն: Մենք մեր մասով երկու բան ենք հիմա անում՝ ապահովում ենք ու նաև նոր կարգ ենք ընդունում դեղերի զուգահեռ ներմուծման մասով, երբ նույն դեղը կկարողանան ներմուծել մի քանի ընկերություններ, ինչը թույլ կտա մրցակցային դաշտ ապահովել, և այդ առումով գնի իջեցում կունենանք»:
Նախարարը նաև նշեց, որ աշխատանքներ են կատարվում դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով, և պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, բայց շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են:
Ինչ վերաբերում է ծխելը կանխարգելելու դեմ օրինագծի վերանայմանը, նախարարը նշեց, որ երբ այն ներկայացվի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան նաև, թե ինչ է ուզում հասարակությունը, ու վերանայումներ կկատարվեն: