տուն Լուրեր «Դեբոշ» Գյումրիում` նախկին ԲՀԿ-ականների մասնակցությամբ

«Դեբոշ» Գյումրիում` նախկին ԲՀԿ-ականների մասնակցությամբ

116
0

debosh

Գյումրիում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Մամուլի հրապարակումների համաձայն՝ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ԲՀԿ-ի համամասանական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի միջեւ: Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ կողմերի միջեւ վիճաբանության պատճառը եղել է ԲՀԿ նախընտրական շտաբի բացումը:

Սամվել Բալասանյանի հետ այս անգամ եւս կապ հաստատել չհաջողվեց: Առհասարակ, Գյումրու քաղաքապետն անհասանելի է ԶԼՄ ներկայացուցիչների համար: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի հետ:

Նա հայտարարեց, թե առաջին անգամ մեզանից է լսում նման դեպքի մասին: Միեւնույն ժամանակ Սանոյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը, ասելով միայն, թե եթե նման բան տեղի ունեցած լիներ՝ ինքը կիմանար: «Ճիշտն ասած՝ զարմանալի է ինձ նման բանը, առաջին անգամ եմ լսում, դրա համար չեմ կողմնորոշվում պատասխանել»,- ասաց  Սանոյանը, հավելելով, որ չի կարող լիարժեք պատասխան տալ, որովհետեւ տեղեկացված չէ: «Չկա այդպիսի բան, որեւէ դեբոշ չի եղել, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա:

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի շփվում լրագրողների հետ, փոխքաղաքապետը նշեց, թե նման բան չկա, եւ որ Բալասանյանի աշխատանքային գրաֆիկը հագեցած է: Նրա խոսքով՝ այս պահին էլ քաղաքապետը Գյումրիում մասնակցում է հուշարձանի բացման արարողությանը: «Որ հեռուստացույցը միացնեք, կտեսնեք, որ գրեթե ամեն օր քաղաքում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում, որոնց մասնակից է պարոն Բալասանյանը»,- նշեց Ռուբեն Սանոյանը:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը եւս հերքեց այս տեղեկությունները: Araratnews.am-ի հետ զրույցում նա ասաց, թե որեւէ միջադեպ չի եղել: «Սուտ է, նման բան չկա, ես չգիտեմ՝ արհեստածին բաներ են: Նման բան չի եղել, ես չեմ էլ կարծում, որ որեւէ մեկը նման մոտեցում կցուցաբերի»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ ինքը եւ Բալասանյանը պարզապես մրցակիցներ են:

Այսօր Գրիգորյանն ու Բալասանյանը քաղաքական մրցակիցներ են, բայց ժամանակին, հիշեցնենք, նրանք նույն կուսակցությունն էին ներկայացնում: Այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ էր, Բալասանյանը եւ Գրիգորյանը ԲՀԿ-ականներ էին եւ պայքարում էին չարիքի իշխանության դեմ: 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Բալասանյանի եւ Գրիգորյանի ճանապարհները բաժանվեցին:

Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ:

Փայլակ Ֆահրադյան