տուն Լուրեր Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

142
0

loqyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշում էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես` Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ,  հանդիպել համայնքի բնակիչների հետ, զրուցել խնդիրների շուրջ:
Համայնքապետերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա տվյալ համայնքում  իրականացնելու` ելնելով տվյալ համայնքի կարիքներից:
Քննարկվել են նաև ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք համայնքային ծրագրերին վերաբերող հարցեր:
ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից`  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակներում   Տավուշի մարզի քառասունհինգ սահմանամերձ համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը և եկամուտ ստեղծող ծրագրերը:
«Մենք փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել և այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքականությունը»,-նշել է իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը:

 

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոյեմբերյան, որտեղ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի և ոլորտի այլ պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն` համայնքներում աղքատության հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով:

 

Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել համայնքի բնակիչների կողմից  եկամտաբեր տնտեսություն վարելը: Նախարարը նշել է, որ  շուտով ՀՀ կառավարությունը կընդունի «Հայաստանի 2016-2025թթ. տարածքային  զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու վերոնշյալ գաղափարին, այն է` համայնքների տնտեսական ներուժի բացահայտում և այդ ուղղությամբ ներդրումային քաղաքականության իրականացում:

 

«Ես տպավորված եմ, որ մարզպետը ինձանից շատ այս խնդրի ջատագովն է, և մենք այստեղ չհաջողելու խնդիր չունենք, եթե դուք նույնպես միանաք մեր այս ընդհանուր գաղափարին: Սա դառնում է պետության հիմնական առանցքային ուղղություններից մեկը` տարածքները հավասարաչափ զարգացնելու և ՀՆԱ-ն մեծացնելու գործում»,-ասել է Դավիթ Լոքյանը խորհրդակցության ավարտին:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը  Դիլիջան համայնքն էր: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ներկայիս Դիլիջան համայնքը կազմավորվել է  նախկին Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքների միավորումից:
Դիմելով խորհրդակցությանը ներկա համայնքապետերին, նախարարը նշել է, որ այցելության հիմքում դրվել էր  հիմնական քննարկումն անցկացնել հատկապես Դիլիջանում՝  խոշորացման գործընթացից հետո համայնքներում առկա խնդիրները, հետագա ծրագրերը  տեղում քննարկելու նպատակով: Նա շնորհակալություն է հայտնել համայնքապետերին՝ խոշորացման գործընթացն արդյունավետ անցկացնելու համար:
«Կարծում եմ, որ կառավարման այս ձևը կնպաստի ձեր համայնքների ընդհանուր բարգավաճմանը»,-ասել է Դավիթ Լոքյանը, ընդգծելով, որ այս գործընթացը շարունակական է լինելու, իրականացվելու է ողջ հանրապետության տարածքում: Նախարարն ընդգծել է, որ Դիլիջանի խոշորացման ծրագիրը  կարող է  օրինակելի լինել մյուս համայնքների համար:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են  խոշորացված համայնքներում  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
«Մեր խնդիրը պետք է դառնա այդ ամբողջը համահունչ դարձնել պետության կողմից որդեգրած տարածքների տնտեսական զարգացման ռազմավարությանը, որով  փորձելու ենք ակտիվացնել համայնքներում տնտեսական քայլերը»,-ասել է նախարարը՝ առաջարկելով համայնքապետերին   արդյունավետ ծրագրեր  ներկայացնել: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրերի կազմման և իրականացման գործում ՏԿԶ նախարարությունը պատրաստ է աջակցել համայնքներին: