տուն Լուրեր Դատի եմ տալու ոչ թե կաթողիկոսին, այլ՝ Մայր Աթոռին. գումարները չեն վճարվել

Դատի եմ տալու ոչ թե կաթողիկոսին, այլ՝ Մայր Աթոռին. գումարները չեն վճարվել

93
0
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը դատի կտա Մայր Աթոռին: Տեղեկատվությունն Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ պատգամավորը, և նշեց, որ Մայր Աթոռում իրեն պատկանող ընկերությունը շինարարական աշխատանքներ է կատարել, բայց դրա դիմաց համապատասխան վճար չի ստացել:
«Ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, որ նրանց հետ կոնֆլիկտ է ունենում: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը, բայց այդ բոլոր հաշվարկները կարվեն: Շինարարությունում հարյուրավոր մարդիկ են աշխատել, բայց այստեղ խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ մենք այսօր արդեն ավարտում ենք աշխատանքները մեծ մինուսով, և ընկերությունը բավականին լուրջ, ծանր վիճակի մեջ է հայտնվել, որի հեղինակը եկեղեցին է: Մեր իրավաբաններն էլ հիմա աշխատում են։ Երբ պատրաստ լինեն նյութերը՝ կտանենք դատարան»,- նշեց Արագած Ախոյանը:
Պարզաբանում ստանալու համար մենք, իհարկե, դիմեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով մեր հարցին ի պատասխան գրել է. «Այո, Արագած Ախոյանը Մայր Աթոռում շինաշխատանքներ կատարել է, որոնց դիմաց վճարումները, համաձայն կնքված պայմանագրերի, ժամանակին պատշաճ կատարվել են, նույնիսկ՝ ընդառաջումով։ Մայր Աթոռի ֆինանսական և ճարտարապետական բաժիններից մեզ տեղեկություններ փոխանցվեցին, որ տակավին կան անավարտ աշխատանքներ։ Մնացյալ մեղադրանքները որևէ հիմք չունեն»:
Araratnews.am-ի հարցին, թե ինչ անավարտ աշխատանքների մասին է խոսքը, Արագած Ախոյանը պատասխանեց, որ իսկապես անավարտ աշխատանքներ կան. «Չենք ավարտել, քանի որ իրենց մոտ ունեմ դեռ իմ՝ իրենց կողմից բռնագրավված գույք, որը դեռ չեն ազատել, ունեմ երաշխիք և բավականին լուրջ գումարներ: Եվ ես քիչ առաջ նամակով դիմեցի, մեր մնացած աշխատանքները չկատարելու մասին հայտնեցի իրենց, այսինքն, կոպիտ ասած, խզեցի պայմանագիրը, որովհետև մինչև չափենք վնասների չափը և այն գումարները, որոնք դեռ հնարավոր է ստանալ, ոչ մի տեսակ աշխատանք չի կատարվելու: Կա պայմանագրով ամրագրված հատված, որը չենք կատարել, թող գումարից պահեն, խնդիր չկա»:
Մեր դիտարկմանը, թե եկեղեցուց հայտնում են՝  վճարումները, համաձայն կնքված պայմանագրերի, ժամանակին պատշաճ կատարվել են, Ախոյանը նշեց. «Իրենց ասածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Նրանց թվում է, թե մարդուն ծայրահեղ վատ վիճակի մեջ դնելը, հետո մի փոքր գթասրտություն ցուցաբերելն արդեն մեծ լավություն է։ Բայց դա այդպես չէ։ Իհարկե, ունենք հետերաշխիք, ունենք հասցրած վնասներ, ունենք նաև այնպիսի պատկեր, որ նույնիսկ նման վերաբերմունք է եղել ոչ միայն իմ, այլ նաև բոլոր շինարարների նկատմամբ: Այսօր արդեն հանրային կարծիք կա ձևավորված. հարցրեք բոլոր շինարարներին, և բոլորը կխոսեն այդ վարքագծի մասին և կասեն:
Հիմա իրենց ասելով չի, հիմա այսօր արդեն պայմանագրերը խզեցինք, կտանք դատարան, կտեսնենք: Իսկ այդ անավարտ աշխատանքներն այնքան աննշան են՝ նույնիսկ գումարայինով: Մի քանի միլիարդ արժողության աշխատանքների մեջ ընդամենը մոտ 1-2 մլն է… չեմ էլ հիշում: Եվ այդ կառույցն իրենց կողմից արդեն դե ֆակտո օգտագործվում է։ Հիմա խոսել չավարտելու մասին՝ անիմաստ եմ համարում: Ավելորդ կրքեր բորբոքելու հնարավորություն են տալիս, խնդիր չկա: Եվ դատի եմ տալու ոչ թե կաթողիկոսին, այլ՝ Մայր Աթոռին, որովհետև նա մենակ չէ. «հրաշալի» անձնակազմ կա, որտեղ մեկը մեկից պարապ են»,- ասաց Ախոյանը:
Էմմա Հովսեփյան