ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է երեկ «Իրազեկ քաղաքացիներ միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեցին գլխավոր դատախազությունից՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
«Ուսումնասիրությունից հետո հայտարարություն կլինի»,- նշեցին դատախազության լրատվության ծառայությունից:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: