ՀՀ փաստաբանների պալատի անդամ, գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը բողոք է ներկայացրել դատախազ Գեւորգ Գեւորգյանի դեմ, եւ պահանջում է, որպեսզի վերջինիս իրենից հրապարակային ներողություն խնդրի՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: «Ինձ զանգեցին ասեցին, որ ինտերնետում տեղադրված է նյութ՝ Պերմյակովի դատաքնությունն է, եւ այդ տեսագրությունում դատախազը վիրավորական արտահայտություն է հնչեցնում իմ հասեցին: Նա զրույցի է բռնվել մեկի հետ, եւ զրույցի ժամանակ վիրավորական արտահայտություն է արել, կա ձայնագրությունը»,- պատմեց փաստաբանը: Թամարա Յայլոյանն ասաց, թե տեղի ունեցածի առնչությամբ դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, խնդրելով որպեսզի դիմի ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս քննարկի տվյալ դատախազի վարքագիծը, եւ վերջինիս հրապարակային ներողություն խնդրի: Եթե այս ամենը չկատարվի, ապա ըստ փաստաբանի, ինքը դիմելու է դատարան: «Գնալու եմ մինչեւ վերջ, եթե անհրաժեշտություն լինի նաեւ Եվրոպական դատարան կդիմեմ»,- ասաց Թամարա Յայլոյանը:
Փաստաբանը կարծում է, որ ըստ դատախազի՝ ինքն իրավունք չուներ մասնակցեր Պերմյակովի գործով դատավարությանը, հետո հրաժարվեր եւ այդ մասին հայտարարեր: «Դատախազը իմ տեղում չի եղել, եւ երբ հունվարի 15-ին մարզի դատախազության շենքի եւ ՌԴ հյուպատոսարանի շենքի վրա էին մարդիկ գնացել, ու շատ զայրացած էին, եւ իմացվել էր, որ ես եմ փաստաբանը, ապա ես էլ պարտավոր էի իմ քաղաքի բնակիչների առջեւ ելույթով հանդես գալ եւ բացատրել, թե ինչու եմ մասնակցել, ինչու եմ հրաժարվել: Ես շատ լավ հասկանում եմ օրենքը եւ գիտեմ ինչ պետք է խոսեի, բայց մեծ հարցեր կային դրված, եւ ես պետք է պարզաբանեի»,- ասաց Թամարա Յայլոյանը:
Նշենք, որ Թամարա Յայլոյանը ստանձել էր Վալերի Պերմյակովի շահերի պաշտպանությունը, սակայն հրաժարվել էր: Իրադարձությունները, որոնք նա ներկայացրեց, տեղի էին ունեցել Ավետիսյանների սպանությանը հաջորդած օրերին:
Հիմա փաստաբանն ասում է, որ այդ ամենի վերաբերյալ ՓՊ-ը կասեցրել է գործը, մինչեւ Պերմյակովի դատավարությունն ավարտվի: Ինչպես նշում է Յայլոյանը՝ իր գործընկերներին ինքը բացատրություն կտա, հիմա կան բաներ, որոնց մասին առայժմ չի կարող ասել:
Նա դատապարտում է մեղադրող դատախազին, որ վերջինս անլուրջ վերաբերմունք է դրսեւորում դատական պրոցեսի նկատմամբ եւ զբաղված է իր անձի վերաբերյալ բամբասանքներով: