տուն Լուրեր Դատախազը մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրել, դատավորն էլ պահում է կալանքի տակ...

Դատախազը մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրել, դատավորն էլ պահում է կալանքի տակ (տեսանյութ)

63
0

2018 թ. հուլիսի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, հետաձգեց միայն տուժողի ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության քննարկումը:

Միջնորդությունը ներկայացրին պաշտպան Արշակ Մկոյանն ու այս դատական նիստին որպես ամբաստանյալի պաշտպան ներգրավված, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:

Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:

 

Անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ՀՀ Վճռաբեկ  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախադեպային որոշումներին:

Երեկ կայացած դատական նիստին Դատարանին կրկին չէր հաջողվել ապահովել վկա Ջեմիկ Մատինյանի ներկայությունը, որը տուժողի մայրն է և արդեն որերորդ անգամ դատարան չի ներկայանում: Նախորդ դատական նիստին դատավոր Սուրեն Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց ինչպես պարզվեց, իրավապահ մարմինները չէին կարողացել ապահովել որոշման կատարումը: Դատարանը տեղեկատվություն ուներ, որ վկան վատառողջ է, և առանց դստեր ներկայության՝ նրան դատարան բերել հնարավոր չէ: Իսկ դուստրն էլ Հանրապետությունում չէ:

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դատարանն առաջարկեց հրապարակել և հետազոտել վկայի նախաքննական ցուցմունքը: Պաշտպանական կողմը չառարկեց՝ նշելով, որ վկայի նախաքննական ցուցմունքում գործի ելքի վրա ազդող կարևոր հանգամանքներ չկան, և նրան դատարանում լսելու անհրաժեշտություն չեն տեսնում, սակայն դրան առարկեց մեղադրող դատախազ Գ. Սաֆարյանին փոխարինած Ա. Պողոսյանը: Նա պարտադիր համարեց վկայի ցուցմունքը լսելը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ