տուն Լուրեր Դատավորը Դոն Պիպոյին թույլատրեց մեկ ամսով բացակայել Հայաստանից

Դատավորը Դոն Պիպոյին թույլատրեց մեկ ամսով բացակայել Հայաստանից

128
0

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանը որոշում կայացրեց թույլատրել Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին բուժման նպատակով մեկ ամսով բացակայել հանրապետությունից։

Նման միջնորդությամբ այսօր՝ օգոստոսի 5-ին դատարանում հանդես էր եկել Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և պետք է բուժման նպատակով մեկնի երկրից։ Մինչ այդ, դատավորը ճշտեց ամբաստանյալի կենսագրական տվյալները։ Արթուր Ասատրյանը հայտարարեց, որ ունի միջնակարգ կրթություն, ծառայել է Խորհրդային բանակում, ունի երկու երեխա, աշխատում է ՌԴ-ում։

Նշենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։