տուն Լուրեր Դաշնակցության անդամների ձերբակալություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել. Արմեն Ռուստամյան

Դաշնակցության անդամների ձերբակալություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել. Արմեն Ռուստամյան

217
0

ARF (HYD) MP Armen Rustamyan gives a press conference

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն պնդում է` 90-ականներին Դաշնակցության անդամների ձերբակալություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել:

«Կուսակցության չափորոշիչները չէ, որ քաղբանտարկյալներին պետք է որոշեն: Կան ԵԽ-ում ընդունված հինգ չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի: Պետք  է գնահատեն անաչառ, անկողմնակալ մասնագետները  և ոչ թե քաղաքական դրդապատճառներով գնահատական տան, եթե այդ չափորոշիչներին համապատասխանի` այդպես կհամարվի: Եվ դրա ընթացակարգն էլ կա` ԵԽ-ն, որ զբաղվում է այդ ամեն ինչով, եթե այդպես լինի` մոնիթորինգի հանձնաժողովը կարձագանքի և համապատասխան մարմինները դրան պատասխան կտան, ոչ թե ով երբ ուզի իր նախասիրություններից ու քաղաքական ենթատեքստերից ելնելով որոշի` ով ինչ բանտարկյալ է»,- ԱԺ ճեպազրույցների  ժամին ասաց Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին` Վարդգես Գասպարին իրենց կուսակցության համար քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:

Լրագրողի հաջորդ հարցին` երբ Դաշնակցության անդամներն էին բանտախցերում, միջազգային կառույցներն ու կազմակերպություններն էին գնահատական տալի՞ս, որ նրանք քաղբանտարկյալ են` Ռուստամյանը պատասխանեց. «Ցավոք այն ժամանակ չկային այն չափորոշիչները, որ հիմա կան: Այն ժամանակ, երբ մենք բանտերում էինք, Հայաստանը ԵԽ անդամ էլ չէր. երևի դա էր սանձազերծել իշխանությանը, որ ինչ ուզեն` անեն: Եթե այսօրվա չափորոշիչները վերցնենք ու այն ժամանակվա փաստերի հետ համադրենք, ապա միանշանա կ քաղբանտարկյալ են, քաղբանտարկյալն էլ ո՞նց  է լինում, օրինակ  ես բանտարկվում եմ երկու մահապատժի ենթակա հոդվածներով ընդհանուր գումարային 65 տարով, բայց հետո նույն իրենց դատարանը որոշում ու փոխում  է պատժամիջոցները` դարձնելով երեք տարի»:

Ռուստամյանի պնդմամբ` ԵԽ հինգ չափորոշիչներին համապատասխան Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել ու չկան:

Մյուս հարցին` եթե ԵԽ այդ 5 չափորոշիչները  այն ժամանակ եւս գործեին,  հնարավո՞ր է  Դաշնակցության անդմաներն էլ չհամարվեին քաղբանտարկյալ, Արմեն Ռուստամյանն ասաց` անցյալի եւ ապագայի ենթադրություններն այնքան անորոշ են, որ չի կարող հստակ պատասխանել` ինչ կլիներ: