Օր 3-րդ. այսօր` նոյեմբերի 9-ին, շարունակվում է օրեր առաջ մեկնարկած դասադուլը: Ուսանողները շարունակում են բողոքի ակցիայով պայքարել տարկետման իրավունքի վերացման մասին նոր օրինագծի դեմ:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը, նույնիսկ եթե պայքարող մեկ ուսանող մնա, չնայած իրենց շարքերը օրեցօր նոր ուսանողներ են համալրում:
«Երեկվա հանդիպումից հետո էլ մենք հասկացանք կրթության և գիտության նախարարի և նախարարության դիրքորոշումը: Նախարարը նշեց, որ ինքը մեր շատ մտահոգություններին համաձայն է, բայց օրենքին կողմ է: Այդպես էլ մեր բերված փաստարկներին, հակափաստարկները, որ բերվել են, մեզ չեն համոզել:
Եվ այն մարդիկ, ովքեր առաջ են քաշել այս օրինագիծը, միգուցե իրենց ռեսուրսներով ավելի ուժեղ են, բայց ուսանողների բարի, ճշմարտացի պնդումը և կամքն ավելի ուժեղ են, քան քաղաքական ինչ-որ ամբիացիաներ կամ շահեր, դրա համար մենք մեր պայքարը շարունակելու ենք: Մեզ միացել են նաև Եվրոպական, Սլավոնական, Ամերիկյան համալսարաններից… Իսկ մենք բավարարված ենք, մեկ ուսանող էլ մնա, պայքարը շարունակվելու է, բայց օրեցօր ավելանում են, ամեն օր կողմ են արտահայտվում նոր դասախոսներ, նոր ֆակուլտետների դեկաններ»,-նշեց նա:
Այժմն ուսանողները ցանկանում են մտնել համալսարան, հասկանալու համար` լսարաններում ուսանողներ կա՞ն, թե՞ ոչ: Երկար բանակցություններից հետո, ի վերջո, դասադուլի երեք մասնակիցներին ու լրագրողներին թույլատրեցին մտնել շենք: Լսարանների զգալի մասը դատարկ էին, կան նաև լսարաններ, որոնց դռները փակ էին, միջանցքները նույնպես դատարկ էին:
Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ այսօր դասապրոցերը 100 տոկոսով չէր ընթանում, նրա կարծիքով` պատճառը դասադուլն է: Նա նաև հավելեց, որ տարկետման վերացմանը կողմ չէ, բայց դասադուլները սխալ են:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ