Շիրակի մարզում քաղաքացիները խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում: Նշենք, որ այսօր աննախադեպ մեծ թիվ են կազմում ակցիայի մասնակիցները:
Արգելափակված են Գյումրու մի շարք կենտրոնական փողոցներ, վաղ առավոտից ցուցարարները փակել են նաեւ Գարեգին Նժդեհի փողոցը՝ Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ:
Քաղաքացիները մեքենաները կայանելով փողոցի մեջտեղում՝ աներթեւեկելի են պահում կենտրոնական փողոցները:
Շրջափակված են Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի շենքերը: Ցուցարարների մի մասը նստացույց է սկսել քաղաքապետարանի շենքի ներսում:
Տեղեկացնենք նաև, որ Գյումրիում կաթվածահար է եղած տրանսպորտը, քանի որ բաց փողոցներ չկան, ինչպես նաև վարորդների մի մեծ մաս գործադուլ են հայտարերել ու միացել ցուցարարներին: Ավելացնենք նաև, որ դասադուլ են հայտարարել Գյումրու գրեթե բոլոր դպրոցները:
Փակ են նաև Շիրակի մարզի որոշ միջհամայնքային ճանապարհներ: Այս պահին բեռնատարներով փակվել է նաեւ Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածը՝ Անի թաղամասի վերջնամասը: