տուն Լուրեր Դառը պտուղները հետո կտեսնենք. փաստաբանը՝ զինծառայության փոփոխված օրենքի մասին

Դառը պտուղները հետո կտեսնենք. փաստաբանը՝ զինծառայության փոփոխված օրենքի մասին

125
0

նորիկ նորիկյան

Թեեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որին դեմ է քվեարկել միայն ԱԺ-ի «Ելք» խմբակցությունը, սակայն օրինագծի մասին քննարկումները շարունակվում են:

Փաստաբան Նորիկ Նորիկյանը մեկ առաջարկ եւ մեկ մտահոգություն էր ներկայացրել:  Փաստաբանն առաջարկում է նախարարությանը` զինծառայություն չանցած քաղաքացիներին, ինչ պատճառով էլ լինի,  թույլ չտալ պետական աշխատանքի անցնել:

Իսկ մտահոգությունը վերաբերում է սպայի կոչումազրկմանը: Փաստաբանի խոսքով՝ ենթադրենք՝ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս ծառայելուց հետո սպան որոշում է խզել այդ պայմանագիրը, իսկ օրինագծի համաձայն` սպան պետք է կոչումազրկվի, դառնա շարքային եւ ու գնա այլ վայր պարտադիր զինվորական ծառայության: Ըստ փաստաբանի՝ սա կառաջացնի հոգեբանական լուրջ խնդիրներ` իր բոլոր հետեւանքներով:

Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ նրանց տեսակետը պարզելու: Գրավոր հարցման պատասխանում նախարարությունը հղում է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներին, ըստ որոնց՝ հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որն օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինծառայություն:

Ինչ վերաբերում է փաստաբանի  մտահոգությանը, որը վերաբերում է սպային կոչումազրկելուն, նախարարությունը համաձայն չէ Նորիկ Նորիկյանի  մտահոգությանը. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով  սպայական կոչումից զրկելու հարաբերությունները տարածվում են այն զինծառայողների վրա, ովքեր իրենց ցանկությամբ եւ օրենքով սահմանվող որոշակի պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության  փոխարեն անցնում են  սպայական պայմանագրային զինծառայություն եւ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն իրենց ցանկությամբ հրաժարվում են սպայական պայմանագրային զինծառայությունից: Տվյալ պարագայում անձը պետք է գնահատի իր որոշման հետեւանքները, ներառյալ իր մոտ հոգեբանական խնդիրների առաջացումը, որի մասին  ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կիսում փաստաբանի մտահոգությունը»:

Araratnews.am-ը կապ հաստատեց փաստաբան Նորիկ Նորիկյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը պաշտպանության նախարարության պատասխանի մասին: Նորիկ Նորիկյանի խոսքով՝ էական չէ, թե նախարարությունն ո՞ր օրենքին է հղում տալիս, երբ խոսքն իր առաջարկի՝ բոլորին բանակ ուղարկելու մասին է:

Անդրադառնալով նախարարության գրավոր հարցման այն ձեւակերպմանը, որ նախարարությունը համաձայն չէ փաստաբանի մտահոգությանը, թե կոչումազրկված սպաները շարքայինների հետ ծառայելիս հոգեբանական խնդիրներ կունենան, Նորիկ Նորիկյանն ասաց. «Տա աստված, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունումից հետո խնդիրներ չլինեն: Կարծում եմ՝ մենք դրա դառը պտուղները հետո կտեսնենք՝ հաշվի առնելով մեր բանակի չգրված օրենքներն ու կանոնադրական ներքին հարաբերությունները»:

Սոնա Դավթյան