Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը դիմեց բացահայտ ռազմական գործողությունների: Մոտ երեք օր տևած թեժ մարտերից հետո՝ ապրիլի 5-ին Մոսկվայում ունեցած հանդիպման ընթացքում հրադադարի պահպանման մասին պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների գլխավոր շտաբների պետերը: Սակայն, ինչպես տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրություններից, հակառակորդը մերթ ընդ մերթ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, որի հետևանքով այս երկու օրերի ընթացքում հայկական կողմն ունեցել է երեք զոհ: Թեմայի շուրջ Araratnews.am-ի հարցերին պատասխանել է Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
—Արդեն երկու օր է՝ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն տեսնում ենք, որ հակառակորդը շարունակում է կրակել, իսկ մեր ռազմական գերատեսչություններն էլ հայտնում են՝ պատասխան կրակոցներ չեն տրվում եւ փորձ է արվում պահպանել պայմանավորվածությունը, կարծում եք՝ ճի՞շտ ռազմավարություն է ընտրված:
-Ճակատում եղած իրավիճակից՝ չկրակելու, զինադադար պահելու, տեղ-տեղ պատասխանելու, ոչ թե ընդհանրապես չպատասխանելու Ձեր ինֆորմացիան երևի էնքան էլ լիակատար չէ. դրա մասին տեղյակ են միայն գլխավոր շտաբում եւ շատ բաներ չի կարելի ասել: Պետք է վստահեք մեր պաշտոնական աղբյուրներին, գլխավոր հրամանատարությանը, պաշտպանության բանակին. եթե իրենք ասում են՝ էս կամ էն բանն ենք անում, երևի ճիշտ են անում: Հիմա իրենց գործողությունները քննադատելու ժամանակը չի:
-Այս երկու օրերին տիրող իրավիճակը կարելի՞ է հրադադար համարել:
-Ուկրաինայում արդեն երկրորդ տարին է, որ հրադադար է եւ այդ ընթացքում իրենք էնքան արկեր են լցրել Դոնեցկի ու Լուգանսկի վրա, որ էդքան արկեր թուրքն ընդհանրապես չունի: Հիմա էս վիճակում կարելի է համարել, որ հրադադար է (նկատի ունի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին). լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, մենք չենք գնում առաջ, իրենք չեն գալիս: Կարծում եմ՝ թուրքերը խելքի կգան, եւ մենք իրենց պետք է պարտադրենք ոչ թե հրադադար, այլ խաղաղություն:
-Ինչո՞ւ խելքի կգան, որովհետև մեր բանակի հակահարվա՞ծն է ուժեղ:
-Էս պահին ամենակարևորն այն է, որ մեր բանակը ուժեղ է, մեր ժողովուրդը համախմբված է, բոլորը բանակի կողքին են՝ անգամ ընդդիմադիր ուժերը: Դա ամենալավ ցուցանիշն է, որ մեր ազգն ապագա ունի, եւ մենք ոչ միայն հաղթելու ենք, այլեւ ապրելու ենք «չաղ ու բախտավոր»:
—Երեկ ՍերԺ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով: Դա մեզ պե՞տք է մտահոգի:
-Այո՛, մենք հին զենքերով էլ ենք կռվում, կարող է մեկի ձեռքը դանակ լինի ու դրանով դիվերսանտի հարց լուծի:Մերոնք՝ 18-20 տարեկանները, ծեծում են տասը տարի սպորտզալից դուրս չեկած, պարապած թուրքերին, իրենց սպեցնազը: Մենք ուժեղ ենք, որովհետև մենք ՀԱՅ ենք, իրենք՝ թուրք: Իրենք պետք է 30-րդ դարի զենք ունենան, որ գոնե մի փոքր մեզ հավասարվեն: