Երկրապահ կամավորական միությունում վարչություն նիստն ավարտվեց, որից հետո էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:
«Բուռն քննարկում էր, ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»,- կատակով նշեց Հայրապետյանը:
Նա շեշտեց, որ, ի վերջո, իրենք հայտարարություն են ընդունել, որտեղ որոշել են.
«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:
2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:
3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»:
«Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»,- հավելեց Համլետ Հայրապետյանը: