Հաց բերողի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ տուժած քաղաքացիներից Լաուրա Զաքարյանին դեռ տուժող չեն ճանաչել: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը, հավելելով, որ Լաուրայի խոսքով՝ նրան հրմշտել են ոստիկանները և կոտրել ուսը:
«Երկու օր առաջ, երբ արդեն դեպքից բավականին անցել է՝ մոտ 10 օր, նոր քննիչի հետ անձին տարել ենք դատաբժշկական փորձաքննության և մինչև այսօր որևէ պատասխան չունենք, տուժող չեն ճանաչել, ու որոշում չենք ստացել: Ես զանգում եմ քննիչին, սակայն նա չի պատասխանում: Եթե երկուշաբթի էլ պատասխան չստանանք, արդեն հայտարարություն կատարածենք: Հաղորդում տալուց հետո հիմա պետք է անցնեին նյութերի նախապատրաստմանը, արդեն իսկ ժամանակը լրացել է. կա´մ պետք է քրեական գործ հարուցվեր, կա´մ քրեական գործի հարուցումը մերժվեր, բայց որևէ որոշում մենք չենք ստացել»:
Փաստաբանի կարծիքով՝ ուշացման պատճառը թերևս այն է, որ բողոքի ակցիաների ժամանակ բռնության ենթարկված քաղաքացիների գործերը, ի վերջո, կոծկվում են, կամ քրեական գործերը կարճվում են. «Իսկ այն մարդիկ, ովքեր մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, շատ արագ ձևով քրեական գործերը կազմվում են և ուղարկվում դատարան` անօրինական մեղադրանքներով. ընտրովի արդարադատություն է»: