Նաիրիտցիների աշխատավարձերի մարման մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը և նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
«Մեզ համար ուրախալի է, որ նախագահը այսպիսի խոստում է տվել»,- հայտնեց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: «Մենք հավատում ենք, որ նախագահի, վարչապետի և Էներգետիկայի նախարարի խոստումը՝ մինչև հուլիսի 15-ը մեր ամբողջ աշխատավարձերի պարտքերի մարումը, կիրականացվի: Մենք որոշեցինք, որ մինչև հուլիսի 15-ը ցույցեր և երթեր չենք կատարելու»:
«Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ աշխատավարձերի պարտքերի մարման խոստման հանդեպ աշխատակիցները կասկածներ ունեն: «Աշխատակիցների շրջանում վստահության պակասը կա իրականում: Անցած տարի էլ մենք նման խոստում ստացանք ու արդյունքում չստացանք մեր աշխատավարձերի պարտքերի մարումը: Միայն գումարը ստանալու դեպքում մենք կհավատանք իրենց խոստումներին»:
Այսօր նաիրիտցիները մասնակցելու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթին՝ իր խոսքում շեշտեց Անուշ Հարությունյանը: «Մենք միանշանակ մասնակցելու ենք հոսանքի թանկացման դեմ բողոքի երթին: Վերջերս տարածված այն սխալ հաղորդագրությունը, որ ՀԷՑ-ը թանկացնելու է հոսանքի սակագինը, Նաիրիտի 1 միլիոն դոլարի պարտքի պատճառով աբսուրդային էր: Նաիրիտի պարտքերը երբևէ չեն տրվել ՀԷՑ-երի հաշվին, եթե տրամադրվել է, հիմնականում տրվել է ՋԵԿ-երից»: