տուն Լուրեր Չոր հացադուլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Չոր հացադուլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

97
0
datapartyal1
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չոր հացադուլի են նստել կալանավորներ Սիրակ Սաքանյանը եւ Կամո Հայրապետյանը: Նրանք հինգ ամիս է կալանքի տակ են: Նրանց առաջադրված մի մեղադրանքը չհաստատվելուց հետո՝ դատախազն առաջադրել է նոր մեղադրանք՝ արդեն ուրիշ հոդվածով, որը հաստատող ապացույցներ նույնպես ապացույցներ չկան: Դեկտեմբերի 31-ին Էրեբունի պողոտայում ավտովթար էր տեղի ունեցել, վարորդներն աղմուկ էին բարձրացրել, ինչի համար ուղեւորներից Ս. Սաքանյանը, Կ. Հայրապետյանը եւ նրանց երկու ծանոթները բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Սաքանյանին եւ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկաններին դիմադրելու համար։ Այս մեղադրանքի շրջանակներում երկուսին էլ հինգ ամիս պահել են կալանքի տակ, ամեն երկու ամիսը մեկ երկարաձգել կալանքի ժամկետը, սակայն մինչեւ հիմա մեղադրանքը չի հաստատվել՝ ապացույցների բացակայության պատճառով: Վկաները բացառապես ոստիկաններ են, որոնց վրա որեւէ վնասվածք չի հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ հակառակը՝ բերման ենթարկելիս մարմնական վնասվածքներ են ստացել Սաքանյանն ու Հայրապետյանը: Նրանք այս փաստով հայտարարություն են ներկայացրել, սակայն այս մասով քրեական գործ չի հարուցվել: Երբ դեպքի մասին հրապարակումներ եղան մամուլում, ոստիկանության կայքում, ինչպես նաեւ «Սուր անկյուն» հաղորդաշարով հրապարակվեց Էրեբունու բաժնում կատարած մի նկարահանում, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները «համեստ կանգնած», իսկ ձերբակալվածները ճաղերի այն կողմից հայհոյում են նրանց: Փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսանյութը երկու տեղ կտրված է՝ մոնտաժված: Ըստ Սաքանյանի փաստաբան Արթուր Ալիխանյանի՝ ոստիկանները սադրել էին ձերբակալվածներին եւ նկարահանել նրանց պատախան գործողությունները: Մասնավորապես՝ թքել էին ձերբակալվածների ուղղությամբ: Ընդ որում, Սաքանյանն ու Հայրապետյանը չեն հերքում, որ հայհոյել են ոստիկաններին, եւ պատրաստ են օրենքով սահմանված պատասխանատվություն կրել: Սաքանյանը պահանջել է նաեւ հրապարակել հերթապահ մասի տեսախցիկների նկարահանումը, որտեղ արձանագրված պետք է լինի, թե ինչպիսի բռնությամբ են իրենց բերման ենթարկել բաժին: Սակայն կալանավորի պահանջը չի կատարվել: Եվ ահա հինգ ամսվա քննությունից հետո, կալանավորներին առաջադրված մեղադրանքը չկարողանալով հաստատել, մեղադրող կողմը փոխել է հոդվածը՝ հիմա էլ նրանց մեղադրելով խուլիգանության մեջ (ՔրՕր. Հոդված 258): Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Ալիխանյանը, այս մեղադրանքը եւս՝ փաստերով հերքվում է: «Դեպքի վայրի տեսախցիկների նյութերը ուղարկվել են փորձաքննության, բայց խուլիգանության կամ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության որեւէ կադր չկա: Ցուցմունք տվողներն էլ շահագրգիռ անձինք են՝ ոստիկանության աշխատակիցներ: Այլ ապացույցներ դեռեւս չկան>>,-նշեց փաստաբանը: Փաստաբանի գնահատմամբ՝ նորմալ չէ, որ հինգ ամիս մի հոդվածով գործ է քննվում, մեղադրանքը չի հաստատվում, եւ փոխվում է մեղադրանքի հոդվածը, այդ ամբողջ ընթացքում մարդկանց պահելով կալանքի մեջ: Ս. Սաքանյանը քննիչին տված լրացուցիչ հարցաքննության մեջ միջնորդել է, որպեսզի վերահսկող դատախազը խափանման միջոց կալանքը վերացնի: Կալանքը կվերացվի թե ոչ՝ կախված է դատախազից եւ դատարանից: Ակնհայտ է, որ մեղադրող կողմը հայտնվել է սեփական թուքը լիզելու ռիսկի առաջ եւ ձգտում է արդարացնել քաղաքացիներին 5 ամիս անտեղի կալանքի տակ պահելու իր որոշումը: Հիմա ամեն ինչ արվում է՝ «սարքած» գործի տակից դուրս գալու համար: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում վերջերս մոտավորապես այսպիսի միտք էր հայտնել, որ եթե կան դատախազների կողմից օրինազանցություններ, իրեն տեղեկացնեն՝ օրինազանցին կպատժի: Կալանավորները նաեւ Կոստանյանին ուղղված դիմում են պատրաստել: Սիրակ Սաքանյանն ու Կամո Հայրապետյանը մեկ անգամ արդեն չոր հացադուլ են արել՝ դա փետրվարին էր: Նրանց էին այցելել արդարադատության նախարարության եւ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները: Հացադուլը դադարեցվել էր այն պայմանով, որ քննությունը չպետք է կեղծվի: Հերթական անգամ նրանց այլ բան չի մնացել, քան հացադուլը: Նրանց պահանջ է՝ տեսակցել Գ. Կոստանյանի, արդարադատության նախարարի, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, ՄԻՊ Կարեն Անդրեայանի կամ նրանց ներկայացուցիչների հետ: Պահանջները չկատարվելու դեպքում կշարունակեն հացադուլը:
Գագիկ Ագբալյան