Մի շարք գյուղերում մթերման խնդիրներ են առաջացել ոչ միայն խաղողի, այլև վարունգի հետ: Թեև հիմա այլևս գյուղացին վարունգ չի հավաքում, բայց այս տարի զգալի չափով վարունգ չի մթերվել, որի պատճառով վարունգը փչացել է, գյուղացինˋ զգալի վնասներ կրել:
Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի Մարզի Դարակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը նշեց, որ գյուղացիները ստիպված են եղել թափել մոտ 100 տոննա վարունգ:
«Ոչ մի կիլոգրամն էլ չի մթերվել: Եղած վարունգըˋ մոտ 65 հեկտար, փչացել ու թափվել է: Մի շարք վնասներ են առաջացել չմթերման հետևանքով: Այն մարդիկ, ովքեր վարունգ էին ցանել, վատ վիճակում հայտնվեցին, կրկին վարկերի ու պարտքերի պետք է դիմեն»:
Վարունգի չմթերման պատճառով խնդիրներ են առաջացել նաև Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում: Մեզ հետ զրույցում գյուղապետ Մանվել Մկրտչյանը, խոսելով չմթերման պատճառներիցˋ նշեց, որ գոյություն ունեցող 5-6 մթերող կազմակերպություններից յուրաքանչյուրն օրական 1 տոննա վարունգ է պահանջելˋ սահմանելով վարունգների համար 6-9 սանտիմետրի ստանդարտ:
«Փոխնախարարը եկավ, ծանոթացավ իրավիճակին, աշխատանքներ տարվեցին, բայց խնդիրը վերջնական չլուծվեց: Գյուղնախարարությունը խոստացել էր Երևանի գյուղատնտեսական տոնավաճառում հնարավորություն տալ գյուղացիներին մեքենաներով մոտենալ, կանգնել և վաճառել ապրանքը: Որոշ բնակիչներ գնացին տոնավաճառ, վաճառեցին ապրանքի մի մասը, բայց վաճառեցին ցածր գներով, բացի այդ էլˋ չկարողացան վաճառել այնքան ապրանք, ինչքան տարել էին»,-նշեց գյուղապետը:
Վերջինս ընդգծեց, որ գյուղը մոտ 60-70 տոննայի չափով բերք է փչացել: Հարցինˋ թե արդյոք գյուղապետը դիմել է կառավարությանըˋ գյուղացիների կրած կորուստների փոխհատուցման համար, Մկրտչյանը պատասխանեց, որ դիմել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանինˋ ջրի վարձավճարների գները վերանայելու խնդրանքով:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ: «Ես այսօր խոսել եմ Ծաղկալանջի գյուղապետի հետ: Վերջինս ոչ թե նման խնդրանքով է դիմել, այլ ասել է, որ գյուղացիները ունեն նման ակնկալիք: Մարզխորհրդի առաջիկա նիստում այս հարցը կներկայացվի մարզպետին»,-նշեց փոխնախարարը:
Այն հարցին, արդյոք նախատեսվում է փոխհատուցում բերքը կորցրած գյուղացիների համար, Մակարյանը նշեց, որ օրակագում փոխհատուցման խնդիր չկա: Վաճառքի մասով էլ փոխնախարարից տեղեկացանք, որ գյուղապետերի հետ պայմանավորվածություն է եղել երկու եղանակովˋ վերամշակողները ընդունել են բերքը և գյուղացիներն ըստ ցանկության մասնակցել են գյուղատնտեսական տոնավաճառների:
«Վերջին 15 օրվա ընթացքում վերամշակողները 150 տոննա վարունգ են ընդունել տարբեր գյուղերից: Գյուղացիներին տեղ է հատկացվել նաև տոնավաճառներում, մինչդեռ ընդամենը մեկ գյուղացի է ցանկացել մասնակցել դրան: Տոնավաճառի ավարտին գյուղացին մեզ ասաց, որ գոհ է վաճառքից»,-նշեց փոխնախարարը:
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ այդքան մեծ քանակությամբ վարունգ չի մթերվել, Մակարյանը պատասխանեց.
«Նախ բերքի ծավալներն են ավելացել, բացի այդ էլ, եթե նախկինում վրացի արտահանողները հենց դաշտից բերքը մթերում և արտահանում էին Վրաստան, ապա այս տարի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի հարավային շրջաններում բերքի ծավալները շատ են, և արտահանողների համար, թեկուզ ցածր գներով, բերքը գրավիչ չէ: Այն մրցունակ չի լինելու: Որակի խնդիր ևս կա: Մանր վարունգը վերամշակողների կողմից է մթերվում: Այս տարի մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել վերամշակողների հետ, որպեսզի նախատեսվածից ավելի բերք մթերվի, իսկ մեծը պահածոյացման համար էր նախատեսված և պետք է շուկայում վաճառվեր, որի համար էլ առաջարկել էինք վարունգը տոնավաճառներ տանել»:
Վարդուհի Ստեփանյան